Երեխաս սոված օրեր է անցկացրել. Սիլիկյան թաղամասի 39 տան բնակիչն օգնություն է խնդրում. tert.am
Սիլիկյան թաղամասի (հայտնի է «Երրորդ գյուղ) 3-րդ փողոցի 39 տան բնակչուհի Իրինա Հովհաննիսյանն արդեն 25 տարի է՝ ամուսնու և երկու որդիների հետ ապրում է այս հասցեում։
Ճաքած պատերի, խոնավության ու սանիտարահիգիենիկ տարրական պայմանների բացակայության պայմաններում այս ընտանիքը մի կերպ գոյատևում է: Տան տանիքը կիսաքանդ է, անձրևային եղանակներին, տիկին Իրինայի խոսքով, տունը վերածվում է լողավազանի:
«Հիմա իմ խնդրանքը էն ա, որ այս վիճակից դուրս գանք, գումարով օգնեն մի փոքր, դե ասենք վերցրել ենք վառելիքը, բայց գումարը չենք կարողացել տալ, ահագին խոսակցություն է եղել: Անգամ սենյակի դուռն ենք հանել որպես վառելիք օգտագործելու համար: Երեխան դպրոց է գնում, գրքի գումար են ուզում չունենք, չկա: Շատ է եղել, երբ երեխան սոված օրեր է անցկացրել, ասել եմ՝ Ժորա ջա՛ն, ոչի՛նչ, քնի, լույսը կբացվի, մի բան կլինի։ Չեմ իմանում՝ ոնց պետք է լինի մեր վիճակը»,-ասաց ընտանիքի մայրը:
Տան անդամներից որևէ մեկը չի աշխատում: Տիկին Իրինայի 51-ամյա ամուսինը վատառողջ է, ողնաշարի խնդիրներ ունի, ժամանակավոր աշխատանք է ունեցել, իսկ ավագ որդին 25 տարեկան է, նա ևս աշխատանք է փնտրում: Նա առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել, իսկ հարմար գործ, մոր խոսքով, դեռ չի գտել:
Tert.am-ի հետ զրույցում տիկին Իրինան նշեց, որ ինքն էլ չի կարողանում աշխատել կրկին առողջական խնդիրների պատճառով. «Ես էլ ոտքի տրոմբ ունեմ, դիմել եմ բժշկի, բայց ֆինանս չունեմ, որ գնամ բուժվեմ, համ էլ երակի լայնացում, իմ միակ խնդրանքը, որ այս վիճակից դուրս գանք, գոնե սկզբնական գումարով օգնեն»։
Ընտանիքի կրտսեր անդամը՝ Ժորան դպրոցական է, 5-րդ դասարանում է սովորում և ուզում է մեծանալ, երգիչ դառնալ, մեծ բեմեր նվաճել ու ֆինանսապես օգնել իր ընտանիքին. «Ես ուզում եմ, որ ապահովված վիճակում ապրեմ և իմ մայրիկի, հայրիկի, եղբորս կողքին լինեմ, որ ես մեծանամ, աշխատանք լինի և դառնամ երգիչ, Աղասի Իսպիրյանի նման գնամ շատ- շատ բեմերում երգեմ և իմ ծնողներին պահեմ»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։