Ահա թե ինչպիսի տեսք է ունենալու ԱՄՆ-ի սահմանին կառուցվելիք «անհաղթահարելի» պատը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի խոստումներից մեկը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումն էր: Պատի նախատիպերն արդեն պատրաստ են, սակայն շատերին դեռ հուզում է այն հարցը, թե արդյո՞ք պատն անհրաժեշտ է: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանին կառուցվելիք խոստացված պատը կարող է այսպիսի տեսք ունենալ:
Կալիֆոռնիայի անապատներում վեր խոյացող պատերի 8 մոդելները կառուցում են 6 տարբեր ընկերություններ, ջանալով հաղթել Դոնալդ Թրամփի ընտրարշավի խոստումը ի կատար ածելու իրավունքը:
Դոնալդ Թրամփն ասել է. «Մենք պատ ենք կառուցելու: Դա լինելու է մեծ և գեղեցիկ պատ»:
Այս ութ նախատիպերից յուրաքանչյուրի համար պետբյուջեից 3ՕՕ հազար դոլար է հատկացվել:
Պատերը պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների: Դրանք պետք է ունենան առնվազն 5-10 մետր բարձրություն, առնվազն 2 մետր խորություն, որպեսզի կանխեն թունելների հավանականությունը և պետք է այնքան ամուր լինեն, որ դրանց մեջ անցք բացելու համար առնվազն մեկ ժամ պահանջվի:
Պարեկային գործակալության ղեկավարի տեղակալ Ռոյ Վիլլառեալն ասում է,- «Կարծում եմ 10 մետր բարձրություն ունեցող պատը հաղթահարելը ֆիզիկապես բարդ է, մտավոր կերպով ճնշում է գործադրում, մեծացնում է ձերբակալվելու հավանականությունը և շատ ավելի երկար է տևում»:
Սա իհարկե կարող է կանգնեցնել սահմանը անօրինական կերպով հատել փորձող մարդկանց, սակայն թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբերը մշտապես պատը հաղթահարելու ուղիներ են փնտրում: Նրանք անցյալում օգտագործել են ցատկահարթակներ, թունելներ և նույնիսկ պատի վրա շարժական կամուրջներ են կառուցել, թմրանյութերն ավտոմեքենայով տեղափոխելու համար:
Սակայն իհարկե Թմրանյութերի վաճառքով զբաղվողները միայն այս եղանակով չէ, որ փորձում են ապրանքն անցկացնել: Իրականում թմրանյութերի մեծ մասը հայտնաբերվում են հենց սահմանի անցակետերում:
Սահմանապահների խոսքերով արդեն իսկ ձեռնարկված միջոցների շնորհիվ սահմանը հատողների թիվը զգալիորեն նվազել է 2006 թվականից ի վեր: Անօրինական կերպով երկիր մուտք գործել ցանկացողներին հետ են պահում սահմանին ավելացված մեծ թվով տեսախցիկները և ստորգետնյա զգայակները: Սակայն նրանք այս միջոցները նույնպես փորձում են շրջանցել և ձերբակալությունները դեռ հաճախակի են:
Սահմանապահ Էդուարդո Օլմոսը ասում է. «Սահմանն անօրինական կերպով հատել ցանկացողները կարողանում են ցատկել մեր այս պատնեշի վրայով, ինչը բավականին դյուրին է»:
Սակայն մինչ այժմ դեռ քննարկումներ են անցկացվում այն հարցի շուրջ, թե արդյո՞ք պատը անհրաժեշտ է և արդյո՞ք արժե մոտ 21 միլիարդ դոլար գումար ներդնել դրա կառուցման մեջ:
Որոշ ընկերություններ էլ խնդրի լուծումը փորձում են իրենց ձեռքը վերցնել: Ինչպես օրինակ «Cards Against Humanity» ընկերությունը, որը փորձում է խոչընդոտել նախագահի ծրագիրը, գնելով այն հողատարածքների մի մասը, որտեղ նախատեսվում է պատի կառուցումը: Ընկերության տեսանկյունից, խոչընդոտելով Թրամփի նախագիծը, իրենք «փրկում են Ամերիկան»:
Իսկ ինչ վերաբերում է պատի այս ութ նախատիպերին, ապա դրանք կփորձարկվեն հաջորդ ամիս: