Մերկելը հանդես է եկել Բունդեսթագի նոր ընտրություններ անցկացնելու օգտին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Բունդեսթագի նոր ընտրություններ անցկացնելու օգտին: Այդ մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ թերահավատորեն է վերաբերվում փոքրամասնության կառավարության ձեւավորման տարբերակին եւ կնախընտրեր նոր ընտրությունները: «Իմ տեսանկյունից՝ նոր ընտրությունները լավագույն լուծումը կլինեին»,- ասել է նա:
Բացի այդ, Գերմանիայի կանցլերը մերժել է պաշտոնաթող լինելու կոչերը: Ավելի վաղ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններից հետո կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ Անգելա Մերկելի պահպանողականների եւ «կանաչների» հետ փոխզիջման հասնելու անհնարինության մասին եւ լքել է բանակցությունները:
Ինչպես Բեռլինում լրագրողներին հայտնել է լիբերալների առաջնորդ Կրիստիան Լինդները. «պարզվեց, որ չորս կուսակցությունները չունեն երկրի զարգացման ընդհանուր տեսլական եւ վստահության ընդհանուր բազա, որը կայուն կառավարության հիմքը կլիներ: Մենք չգիտենք, թե ապագայում ինչ մարտահրավերների առջեւ կհայտնվեն Գերմանիան եւ Եվրոպան, բայց եթե մենք չենք կարողանում համաձայնության հասնել ակներեւ հարցերի շուրջ, էլ ինչ խոսենք ապագայի մասին»:
Իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդեր Հաուլանդը եւ Ալիսա Վայդելը հայտարարել են, որ Անգելա Մերկելը պետք է թողնի ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնը Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ նախնական բանակցությունների ձախողվելուց հետո: Իր հերթին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչությունը նոյեմբերի 20-ին որոշում է ընդունել Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի հետ բանակցություններ չսկսել կոալիցիայի ձեւավորման շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: