Այս Նոր տարվա հանգստյան օրերը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա Ամանորին ու Ծննդյան տոներին հանգստյան օրերի քանակը չի կրճատվի՝ ի տարբերություն հաջորդ տարվա:

Դեռ անցյալ տարվանից հանրությանը հայտնի է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տեսակետը՝ սահմանված ոչ աշխատանքային օրերի քանակի վերաբերյալ:

«Հանգստյան օրերը շատ չէ՞ին: Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- 2017-ի՝ կառավարության առաջին նիստի ավարտին ասել էր Կարեն Կարապետյանը: Մինչ այդ նա նաեւ հայտարարել էր, որ մեր երկրում առկա տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է:

Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը, երեկ պատասխանելով մեր հարցին, ասաց, որ այս անգամ հանգստյան օրերի փոփոխություն չի լինի՝ հաշվի առնելով, որ 2018 թվականի հունվարի 6-7-ը շաբաթ եւ կիրակի է: «Վարչապետի հնչեցված տեսակետը այս հարցի շուրջ մնում է անփոփոխ եւ Կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, որով 2019 թ.-ից սկսած Ամանորի տոները կրճատվելու են»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ այժմ քննարկվում է, թե քանի հանգստյան օր պետք է նախատեսել:

Դեռեւս չփոփոխված «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորը եւ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ին (Սուրբ ծնունդ եւ Հայտնություն): Սրանք բոլորը ոչ աշխատանքային օրեր են: Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է:

Այսպիսով, 2018 թվականին աշխատանքային շաբաթը կսկսվի հունվարի 8-ին: 2017-ի դեկտեմբերի 29-ը ուրբաթ է, որն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի այս տարվա վերջին աշխատանքային օրը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930