Լավրովի ուղերձը Բաքվին շատ հստակ էր. Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցով մեր տարածաշրջանում է: Կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, նա ժամանել է Բաքու: Նույն օրը նրան իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահը: Եվ պետք է ասել, որ Բաքվում Լավրովի հանդիպումների ու ելույթների մասին ընդհանուր տեղեկատվությունից տպավորությունն այն է, որ այնուամենայնիվ, քննարկման հիմնական թեման եղել է հենց ղարաբաղյան հարցը, որի առնչությամբ կարելի է առանձնացնել մի քանի ուշագրավ հայտարարություններ:

Մասնավորապես, Իլհամ Ալիեւը Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է, թե Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հարցի «շուտափույթ» լուծմամբ: Լավրովն իր հերթին ավելի ուշ՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների խնդիրները չեն ազդում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների համագործակցության վրա:

«Ժամանակ»-ի հետ հարցազրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ Լավրովն այս հայտարարությամբ փաստացի կանխեց ռուս-ամերիկյան խնդիրները Ադրբեջանի կողմից շահարկելու հնարավորությունը: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Լեռնային Ղարաբաղը:

– Պարոն Տարասով, ի՞նչ արդյունքներ է գրանցել Լավրովի այցն Ադրբեջան: Ի՞նչ հետեւություններ կարող ենք անել:

– Առաջին տպավորությունն այն է, որ Լավրովին պտտեցրել են, ինչպես ասում են «ծիսական շրջանով»: Նախ, Լավրովը ելույթ է ունեցել դիվանագիտական ակադեմիայում: Նրան դիտավորյալ են այնտեղ քարշ տվել, որպեսզի նա բացի խաղաքարտերը, բայց Լավրովը չեզոքացրեց Ադրբեջանի ամերիկյան խաղաքարտը: Նա ասաց, որ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի Միացյալ Նահանգների հետ, բայց ղարաբաղյան հարցում, որքան էլ տարօրինակ է, «մենք ընդհանուր դիրքորոշում ունենք»:

– Ի՞նչ տողատակեր ունի այս հայտարարությունը:

– Այո, սա գլխավոր մոտեցումն է: Նշանակում է՝ ձախողվել են բոլոր փորձերը՝ միացնելու Թուրքիային կամ մեկ ուրիշի ղարաբաղյան գործընթացին, հետեւաբար միջնորդներն ընտրում են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման սցենարը: Երկրորդը, նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալու է Եվրամիության Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը, որտեղ շարունակվում է պայքարն այն հարցի շուրջ, թե ինչ ձեւակերպումներ պիտի տեղ գտնեն եզրափակիչ հռչակագրի տեքստում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Հայերն այնտեղ շատ գրագետ աշխատեցին՝ հանեցին բոլոր ձեւակերպումները, եւ հիմա ասում են, որ լինելու են չեզոք ձեւակերպումներ: Պատճառն այն է, որ Եվրոպան չի համաձայնվում օգտագործել տարածքային ամբողջականության պահպանման տերմինն Ադրբեջանի եւ Եվրամիության երկկողմ փաստաթղթերում: Սա շատ սկզբունքային հարց է: Ադրբեջանն օգտագործում էր իր բոլոր ռեսուրսները՝ էներգետիկ, կոմունիկացիոն եւ այլն, այս հարցում առավելություն ստանալու համար, բայց դա օգուտ չի բերում, որովհետեւ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության մոտեցումները ղարաբաղյան հարցում համընկնում են:

Գլխավորն այն է, որ բանակցությունների հիմքում առայժմ դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնցում, իմ կարծիքով, գլխավորը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցն է: Իսկ ընդհանուր առմամբ, սկզբունքային հանգամանքն այն է, որ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո, թե Պուտինը չի հավատում կարգավորման հնարավորությանը, կարելի է ասել՝ հակամարտությունը գնում է դեպի սառեցում: Եվ հիմա Լավրովը, որը Բաքվից արդեն մեկնել է Երեւան, հետեւելու է այս սցենարին, որ անհրաժեշտ է կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:

Ըստ երեւույթին, եղել են բանավոր պայմանավորվածություններ Պուտինի եւ Ալիեւի միջեւ: Ալիեւը բանավոր խոստացել է, որ կստորագրի Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ տեղադրելու, Կասպրշչիկի մանդատի ընդլայնման մասին, բայց չի կատարել իր խոստումը, այդ պատճառով էլ Պուտինը հրաժարվում է խոսել նրա հետ ղարաբաղյան կարգավորման մասին: Դա է, ըստ էության, հաստատում նրանց հանդիպումը Թեհրանում: Ադրբեջանցիները գրում են, թե իբր քննարկվել է ղարաբաղյան հարցը, բայց իրականում ոչինչ էլ չի քննարկվել, այլ քննարկվել են ընդհանուր տարածաշրջանային կոնֆլիկտները: Ստացվում է, որ Թուրքիայի միջոցով Ռուսաստանի վրա ազդելու Ադրբեջանի փորձը ձախողվում է: Ադրբեջանը ձախողվում է եվրոպական, ամերիկյան ուղղություններով: Եվ Լավրովը, ելույթ ունենալով Բաքվում, կանխեց ամերիկյան խաղաքարտի խաղարկման հնարավորությունը՝ շեշտելով, որ չնայած ռուս-ամերիկյան հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրներին՝ երկու երկրները շարունակում են համագործակցել ղարաբաղյան հարցի շուրջ: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն վերջնականապես պարտվեց, կորցրեց Ղարաբաղը:

Ադրբեջանը փորձեց ինչ-որ բան անել: Աշխատում է նաեւ ադրբեջանական լոբբին Ռուսաստանում՝ ի դեմս Ալեքսանդր Դուգինի, «Զավտրա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պրոխանովի, Մարկովի: Նրանք շրջանառում են լուրեր հինգ կամ յոթ շրջանների վերադարձի եւ այլն, եւ այլն: Հայտարարում են նույնիսկ, թե իբր գոյություն ունի «Լավրովի պլան»: Ոչ մի «Լավրովի պլան» էլ գոյություն չունի եւ գոյություն չի ունեցել, բայց կան բանակցային գործընթացի որոշ նրբերանգներ, որոնց մասին Լավրովը բարձրաձայնել է Բաքվում, եւ դա հիմք է տվել ադրբեջանական եւ թուրքական կողմերին խոսելու Հայաստանի վրա իբր թե ճնշում գործադրելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, որպեսզի Հայաստանն ինչ-որ տարածքներ զիջի Ադրբեջանին:

Հիմա պարզվում է, որ դա ամբողջությամբ բլեֆ է եւ չի համապատասխանում իրականությանը: Խնդիրն այլ է, որ հաշվի առնելով բանակցային գործընթացում առաջացած փակուղին՝ հարկավոր է սառեցնել կոնֆլիկտը, որովհետեւ նախաձեռնություններ չկան ոչ այս, ոչ էլ մյուս կողմից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս