«Այս ռեպորտաժը ռուսական որոշ ուժերի կողմից է». ՀՀԿ-ական գործիչը՝ «Звезда» հեռուստաալիքի՝ ՀՀԿ-ին և Գարեգին Նժդեհին վերաբերող հրապարակման մասին

«Քաղաքական մոտիվները շատ պարզ են, որովհետև ռուսական որոշ շրջանների, բնականաբար, դուր չի գալիս, որ Հայաստան-ԵՄ պայմանագիրը պետք է կնքվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ խոսելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Звезда» հեռուստաալիքի՝ նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհու կողմից արված՝ ՀՀԿ-ին և Գարեգին Նժդեհին վերաբերող դիտարկումների մասին:

Հիշեցնենք, որ Վերոնիկա Կրաշենիննիկովան նշել է, որ մի քանի օրից Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանը կստորագրի շրջանակային և ընդլայնված գործակցության մասին համաձայնագիր ԵՄ-ի հետ, որով, ըստ նրա, Հայաստանը նմանվում է Ուկրաինային: Ըստ հաղորդավարուհու՝ «Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի հետևորդներին, քանի որ 2016-ի մայիսին Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը». «1942 թվականին Նժեդհը դիմել է 3-րդ ռեյխին՝ խնդրելով խորհրդային Հայաստանը գերմանական գաղութ դարձնել»:

Լ. Ալեքսանյանի խոսքով՝ նույնիսկ ներսում շատերը, որոնք իրենց գաղափարախոս են համարում, չեն տարբերում ֆաշիզմը պահպանողական նացիոնալիզմից. «Դրանք լրիվ տարբեր բաներ են: Նժդեհի ու ֆաշիզմի համեմատությունն առնվազն կա՛մ չիմացություն է, կա՛մ գաղափարի խեղաթյուրում: Այս ռեպորտաժը ռուսական որոշ ուժերի կողմից է: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեր հարաբերությունները հիմնականում Ռուսաստանի հետ ստրատեգիական, ռազմավարական են, ու այդ ռեպորտաժը բացարձակ կապ չունի իրականության հետ»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ ՌԴ ՊՆ-ի հեռուստաալիքի կողմից է նման ռեպորտաժ պատրաստվում, դա ինչ-որ ձևով Ռուսաստանի կողմից ճնշում գործադրելու փորձ չէ՞ Հայաստանի իշխանություններին՝ նոյեմբերին կնքվելիք համաձայնագրի առումով, Լ. Ալեքսանյանը պատասխանեց, որ չի բացառվում, որ ռուսական պաշտոնական շրջանակներն էլ դեմ կլինեն. «Համենայն դեպս, սա հաճելի չէ նրանց, հատկապես՝ այս իրավիճակում, բայց դա մեր անկախ պետության քաղաքականությունն է, մենք առաջնորդվում ենք մեր շահերով: Համենայն դեպս, դա պաշտոնական տեսակետ չէ: Վերջերս մեր նախագահի հետ Պուտինը հանդիպեց, եթե հանկարծ ինչ-որ պաշտոնական բան լիներ, հայտարարությունների մեջ կլիներ: Քաղաքական տեխնոլոգիաները շատ բազմագույն են, հրապարակայինն ուրիշ է, ներքինն ուրիշ է, տարբեր լրատվամիջոցներ տարբեր ձևերով են մեկնաբանում: Ես չեմ կարծում, որ դա պաշտոնականի  հետ կապ ունի»:

Հաղորդավարուհին հաղորդման ժամանակ ցույց էր տալիս ՀՀԿ լոգոն ու ասում, որ այն հիշեցնում է 3-րդ ռեյխի սիմվոլիկան: Սրա հետ կապված Լ. Ալեքսանյանն ասաց, որ դա վիրավորանք է ոչ միայն ՀՀԿ-ին, այլև մեր ամողջ ազգին. «ՀՀԿ-ի լոգոն շատ լավն է, բացարձակ կապ չունի մեկը մյուսի հետ, դա նրանց երևակայության արդյունքն է: Դրա մեջ ազգային շատ բաներ կան: Ամենավիրավորականն այն է, որ ֆաշիզմի դեմ Սովետական Միության հաղթանակում շատ մեծ դեր է ունեցել Հայաստանը: Ֆաշիզմի դեմ պայքարը նաև հայ ազգի համար է մեծ նվաճում եղել: Հայ ազգը մեծ հերոսներ է տվել այդ պայքարում»:

Մեր այն հարցին էլ, թե՝ հայկական կողմի արձագանքը նման հրապարակումներին ինչպիսի՞ն պետք է լինի, ՀՀԿ-ական գործիչն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ նախ պետք է անպայման Նժդեհի հետ կապված մեկնաբանվի, որ սա թյուր կարծիք է, իսկ արտաքին քաղաքականության հետ կապված արդեն Արտաքին գործերի նախարարությունն իր պատասխանը կտա: Չեմ կասկածում, որ ԱԳՆ-ն պատասխան կտա, իսկ Նժդեհի հետ կապված խնդիրն իրոք պետք է մեկնաբանվի, մարդիկ պետք է հասկանան, որ Նժդեհի գաղափարախոսությունը բացարձակ ֆաշիզմի հետ կապ չունի, դրանք այլ բաներ են»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման վրա այս ռեպորտաժը կարո՞ղ է որոշակի ազդեցություն ունենալ: Ի պատասխան՝ Լ. Ալեքսանյանն ասաց. «Չեմ կարծում: Դրանք գործընթացներ են, որոնք ունեն իրենց մոտիվացիաները: Այն, ինչ արվել է, արդեն արվել է, ստորագրման պահին չի, որ որոշում են: Արդեն ուշ է նորից փոխել, ես կարծում եմ՝ կստորագրվի»:

Տեսանյութեր

Լրահոս