
Հարավային Կորեայում բարձրախտածին թռչնագրիպի տարածում են արձանագրել

Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարությունը նոյեմբերի 20-ին հավաստել է երկրի հարավում H5N6 բարձրախտածին թռչնագրիպի տարածման փաստը: Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության YTN հեռուստաալիքը:
Նախարարության տվյալների համաձայն՝ վիրուսը հայտնաբերվել է ինչպես ընտանի թռչունների, մասնավորապես բադերի շրջանում՝ Սեուլից 300 կիլոմետր դեպի հարավ գտնվող թռչնաֆերմայում, այնպես էլ երկրի հարավային շրջաններում՝ վայրի թռչունների ծերտում:
2016 թվականին Հարավային Կորեայի իշխանություններն ընտանի թռչունների ոչնչացման համար մոբիլիզացրել էին բանակը՝ երկրում բարձրախտածին թռչնագրիպի տարածումը կանխելու նպատակով: Այդ ժամանակ ոչնչացվեց ընտանեկան թռչունների շուրջ 26 միլիոն առանձնյակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: