
Լուկաշենկոն ծրագրում է կրկնապատկել ապրանքաշրջանառությունը Վրաստանի և Բելառուսի միջև

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի կրկնապատկել Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը՝ այն հասցնելով 200 մլն դոլարի նշագծին: Այդ մասին ասված է բելառուսական պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 20-ին Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, որը Մինսկում է գտնվում եռօրյա պաշտոնական այցով:
«Բելառուսա-վրացական ապրանքաշրջանառությունը 200 մլն դոլարի հասցնելու առաջադրված նպատակը միանգամայն իրատեսական է. այն արդեն շոշափելի է: Այս ցուցանիշի մոտավորապես կեսը կունենանք արդեն այս տարի»,-ասել է Լուկաշենկոն: 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 56 մլն դոլարը, դրանից 44 միլիոնը բաժին է ընկնում Վրաստան ներմուծված բելառուսական ապրանքներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստան Լուկաշենկոյի այցի նախապատրաստումը, որը պլանավորված է 2018 թվականի սկզբին:
«Մենք այդ մասին պայմանավորվել ենք եւ այժմ ձեզ հետ միասին ակտիվորեն աշխատում ենք առաջիկա այցը դարձնել արդյունավետ, որպեսզի այն հետք թողնի ամենից առաջ տնտեսության մեջ, մեր պետությունների միջեւ առեւտրում»,-նշել է Լուկաշենկոն: