
Facebook-ը վիդեոբլոգերների համար թողարկել է նոր հավելված

Facebook ընկերությունը թողարկել է իր հերթական հավելվածը՝ այս անգամ վիդեոբլոգերների համար: Հավելվածը թույլ է տալիս անել ավելի որակով և նոր գործառույթներով ուղիղ եթերներ, ինչպես նաև՝ դիտել վերլուծությունները:
Creator հավելվածը թույլ կտա ոչ միայն ավելի որակով տեսանյութեր ներկայացնել, այլև հետևել հետևորդների աճին և ակտիվությանը: Հավելվածն ունի մի շարք նոր հնարավորություններ՝
• Live Creative Kit -սա գործիք է ուղիղ եթերի թողարկման և զարգացման համար: Ուղիղ եթերում կարելի է ավելացնել մուտքեր և վերջավորություններ, ստիկերներ, տիտրեր, կաղապարներ և այլն:
• Community Tab – սա հաբ է, որտեղ հավաքվում են Facebook-ի և Instagram-ի բոլոր մեկնաբանությունները, ինչպես նաև Messenger-ի հաղորդագրությունները:
• Camera & Stories – սա հատուկ բաժին է սթորիներ նկարահանելու համար: Այստեղ գործում են մի շարք նոր էֆեկտներ, որոնք հասանելի չեն մյուս հավելվածներում:
• Insights – այս բաժնում հնարավոր է ուսումնասիրել հետևորդների ակտիվությունը:
Բացի այդ, Facebook-ը ներկայացրել է նոր կայք՝ Facebook for Creators, որտեղ ներկայացված են նյութեր, թե ինչպես է պետք պատրաստել որակյալ տեսանյութեր, և ինչպես է հնարավոր դրանք ներկայացնել դիտողներին:
Հիմա հավելվածը հասանելի է միայն iOS-ի օգտատերերի համար, սակայն մինչև դեկտեմբեր այն հասանելի կլինի նաև Android-ի համար:
Սիրարփի Աղաբաբյան