
Զիմբաբվեի ուսանողները բոյկոտում են պարապմունքները՝ պահանջելով Մուղաբեի հրաժարականը. News24

Զիմբաբվեի համալսարանի ուսանողները երկրի մայրաքաղաք Հարարեում բոյկոտում են պարապմունքները եւ հրաժարվում քննությունները հանձնել այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահ Ռոբերտ Մուղաբեն չի հրաժարվել իր պաշտոնից:
Այդ մասին հայտնել է News24 հարավաֆրիկյան նորությունների պորտալը: Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ նոյեմբերի 20-ին ուսանողները հավաքվել են փողոցում՝ ի նշան գործող նախագահի դեմ բողոքի: Նաեւ նրանք պահանջում են պետության ղեկավարի տիկնոջը՝ Գրեյս Մուղաբեին, զրկել գիտական աստիճանից: «Մենք ցանկանում ենք ամեն ինչ նորից սկսել:
Մենք ստանում ենք այս բոլոր աստիճանները, բայց դրանք ոչինչ չարժեն, քանի որ աշխատանք չկա: Մենք ցանկանում ենք հոգ տանել մեր ծնողների մասին»,-պորտալը մեջբերում է ուսանողներից մեկի խոսքը: Ինչպես հայտնել է Zimbabwean պորտալը, համալսարանում բոլոր քննությունները դադարեցվել են մինչեւ հետագա ծանուցումը: Նոյեմբերի 19-ին ԶԱՆՈՒ-ՊՖ կառավարող կուսակցությունը Ռոբերտ Մուղաբեին հանել է առաջնորդի պաշտոնից:
Կուսակցության անդամներն իրենց նոր ղեկավար են ընտրել երկրի 75-ամյա նախկին փոխնախագահ Էմերսոն Մանանգագվային, որին Մուղաբեն պաշտոնից հեռացրել էր երկու շաբաթ առաջ: Կուսակցությունը նաեւ որոշել է, որ եթե նախագահը մինչեւ նոյեմբերի 20-ի կեսօր (տեղական ժամանակով – ըստ Գրինվիչի՝ 10:00-ը) պաշտոնաթող չլինի, ապա նրա նկատմամբ կսկսվի իմփիչմենտի գործընթաց:
Մինչդեռ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ուղերձով հանդես է եկել ZBC պետական հեռուստաալիքի եթերում եւ հայտարարել, թե կմնա նախագահ՝ չնայած իր վրա գործադրվող ճնշմանը: Դեռ ավելին, իր ճառի ընթացքում նա հայտարարել է, որ մտադիր է նախագահել կառավարող կուսակցության՝ դեկտեմբերին կայանալիք համագումարում, եւ որ վերջին շաբաթվա իրադարձություններն սպառնալիք չեն ներկայացնում իր լիազորությունների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: