Նոր անակնկալներ չեն լինի. Վահրամ Բաղդասարյանը՝ Սերգեյ Լավրովի այցի մասին
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բնական է համարում, որ Ռուսաստանն ուզում է ընդլայնել ԵԱՏՄ-ն՝ դրա մեջ ներգրավելով նաև Ադրբեջանին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վ.Բաղդասարյանը նշեց, որ ՌԴ-ն չի ուզում բաց թողնել Ադրբեջանին, քան որ կարծում է, որ մի օր հաշտություն է լինելու։
«Եթե ձեզ թվում է, թե ամբողջ Ռուսաստանը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը պետք է ապրի միայն Հայաստանի պրոբլեմներով, ես այդպես չեմ կարծում։ Նրանք մտածում են, որ վերջիվերջո այս հանգուցալուծումը պետք է լինի, գնալու են հաշտության, ինչի՞ բաց թողնեն Ադրբեջանին, նա էլ կարող է ԵԱՏՄ-ի մեջ լինել, քանի որ նաև պոստսովետական երկիր է։ Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Բայց այլ բան է ցանկությունը, այլ բան է՝ իրականացումը»,- ասաց Վ.Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ այս փուլում, քանի դեռ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվել, Ադրբեջանը չի կարող դառնալ ԵԱՏՄ անդամ. «Ես այդ խնդրի լուծումը չեմ տեսնում, որովհետև դուք գիտեք, որ, եթե այդ քվեարկություններին որևէ երկիր դեմ է լինում, նա չի կարող մասնակցել»։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին նախ՝ Բաքու, ապա՝ Երևան, Վ.Բաղդասարյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ ԱԳ նախարարը կամ ՄԽ համանախագահները նման շրջայց են կատարում՝ Երևան-Բաքու կամ Բաքու-Երևան։ Լավրովյան նոր պլան Վ.Բաղդասարյանը չի սպասում. «Այն պլանները, ինչ եղել են, դրանց մասին արդեն նախօրոք նախագահները հանդիպումների ժամանակ որոշումներ կայացրել են, նոր անակնկալներ, չեմ կարծում, որ կլինեն»։