
Մեյը Եղիսաբեթ Երկրորդին և արքայազն Ֆիլիպին շնորհավորել է պլատինե հարսանիքի առթիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն եւ նրա ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին շնորհավորել է ամուսնության 70-ամյակի կամ այսպես կոչված պլատինե հարսանիքի կապակցությամբ, որը միապետական զույգը նշում է նոյեմբերի 20-ին։
«Իմ շնորհավորանքները՝ թագուհուն եւ Էդինբուրգի դքսին, որոնք տոնում են իրենց հարսանիքի պլատինե տարեդարձը: Նրանք իրենց կյանքը նվիրել են Մեծ Բրիտանիային եւ Համագործակցությանը ծառայելուն: Իմ լավագույն մաղթանքները նրանց երկուսին այս հանդիսավոր օրվա կապակցությամբ»,-գրել է Մեյը Twitter-ում: Մեծ Բրիտանիայի գահին ներկայիս թագուհու նախորդներից ոչ մեկին դեռ բախտ չի վիճակվել ընտանեկան դաշնի այդքան ծանրակշիռ հոբելյան տոնել:
Հոկտեմբերին Բուկինգհեմի պալատը հասկանալ էր տվել, որ հոբելյանի օրը ոչ մի կարգի հրապարակային հանդիսություններ չեն նախատեսվում: 91-ամյա Եղիսաբեթը եւ 96-ամյա Ֆիլիպը պետք է այդ օրն անցկացնեն Վինձորի դղյակում: Սակայն Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ թագակիր զույգն, այնուամենայնիվ, տոնական հանդես կկազմակերպի մերձավոր բարեկամների եւ թագավորական ընտանիքի անդամների համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: