Բաժիններ՝

«Սիրիական ազգային երկխոսության մասնակիցների կազմը պետք է առավելագույնս ներկայացուցչական լինի». Լավրով

Սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի մասնակիցների կազմը պետք է առավելագույնս ներկայացուցչական լինի: Այդ մասին նոյեմբերի 20-ին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Առավելագույնս ներկայացուցչական պետք է լինի այն սիրիացիների կազմը, որոնք հրավիրվելու են Կոնգրեսին, նրանք պետք է ներկայացնեն սիրիական հասարակության բոլոր սեգմենտները»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ Մոսկվան համաժողովի նախապատրաստման հարցերում ղեկավարվում է այն «որոշումներով, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, բազմիցս հաստատվել ժնեւյան բանակցություններում, ներառվել Աստանայի ձեւաչափով ընդունված փաստաթղթերում»:

«Դրանք բոլորն էլ միջսիրիական ինկլյուզիվ երկխոսության փաստաթղթեր են՝ կառավարության եւ ամենալայն սպեկտրի ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ընդգծել է Լավրովը: Նա պատմել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահները նոյեմբերի 22-ին կայանալիք գագաթնաժողովում կլուծեն Կոնգրեսի գումարման կազմակերպչական հարցերը:

«Մենք երեկ Անթալիայում դա քննարկել ենք երեք երկրների՝ Աստանայի գործընթացի երաշխավորների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի կազմով,-ասել է նա:-Մենք պատրաստել ենք առաջարկություններ, որոնք նոյեմբերի 22-ին կներկայացվեն երեք երկրների նախագահներին՝ Վլադիմիր Պուտինին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Հասան Ռոուհանիին»:

«Նախագահները որոշելու են՝ ինչպես մոտենալ սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի գումարման տարբեր ասպեկտներին, ներառյալ կազմակերպչականը»,-հավելել է Լավրովը: Ինչպես նոյեմբերի 19-ին հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում, ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Մեւլյութ Չավուշօղլուն համաձայնեցրել են սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի կազմակերպման հանձնարարականները: Լավրովի խոսքով՝ գագաթնաժողովի նախաշեմին նաեւ կկայանա երեք երկրների գլխավոր շտաբների ղեկավարների հանդիպումը:

Համաժողովի նախապատրաստման հանգուցային հարցերից մեկը մնում է քրդերի, նախեւառաջ «Դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչների մասնակցությունը: Ավելի վաղ դրան դեմ է արտահայտվել Անկարան: Թուրքիան «Դեմոկրատական միությունը» դիտում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղ, որը զինված պայքար է մղում Թուրքիայի իշխանութունների դեմ եւ այդ երկրում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս