
Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը, մարմնավաճառությանը

Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը: «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, 9 երկրների ցուցակում վերը նշված ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է: Ցուցակում Հայաստանին հաջորդում է Լիտվան` 94 տոկոսով, այնուհետև Մոլդովան՝ 93, Ուկրաինան՝ 91 տոկոսով: Առավել ցածր ցուցանիշներ ունեն Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Էստոնիան, Լատվիան:
Նույն հետազոտության տվյալներով Հայաստանի բնակչության կրկին 96 տոկոսը դեմ է մարմնավաճառությանը: Այս ցուցանիշով Հայաստանը ևս առաջատար է, որին հաջորդում է Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Ռուսաստանը:
Ալկոհոլին դեմ է արտահայտվել Հայաստանի բնակչության 56 տոկոսը: Այս ցուցանիշով Հայաստանը ցուցակում 2-րդն է` զիջելով Մոլդովային: Հայաստանցիների 98 տոկոսը դեմ է նաև հոմոսեքսուալ հարաբերություններին: Այս ցանկում Հայաստանին հաջորդում է Մոլդովան, այնուհետև՝ Վրաստանը:
Հայաստանի բնակչության 79 տոկոսի համար ընդունելի չեն նաև նախաամուսնական սեռական հարաբերությունները: Ցուցակում Հայաստանին հետևում է Վրաստանը, այնուհետև Մոլդովան՝ համապատասխանաբար 76 և 47 տոկոս ցուցանիշով: Մեկ այլ ցուցանիշով ևս Հայաստանն առաջին դիրքում է: Հայաստանցիների 69 տոկոսը դեմ է աբորտներին: Ցուցակում Հայաստանին հաջորդում է Մոլդովան, այնուհետև Վրաստանն է: