«Եթե Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քնած դշխուհին է, «Հայկական վերածնունդը» կարող է իր համբույրներով փորձել նրան վերակենդանացնել». Նիկոլ Փաշինյան
«Նոյեմբերի 10-ի Սահմանադրական դատարանի որոշումն արձանագրեց, որ Վանաձորի ավագանու՝ 2016 թվականի մարտից այս կողմ իրականացվող նիստերը հակասահմանադրական են: Այսինքն՝ դե յուրե ավագանու նիստեր տեղի չեն ունեցել, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ հոդվածի հինգերորդ կետով իմպերատիվ կերպով պահանջվում է, որ ավագանին լուծարվի այն պարագայում, երբ 6 ամիս անընդհատ նիստեր չեն գումարվել: Հետևաբար՝ այն, ինչ տեղի է ունեցել, դրանք Սահմանադրական դատարանի որոշմամբ ավագանու նիստեր չեն: Եվ ըստ այդմ՝ Վանաձորի ավագանու լիազորություները ենթակա են վաղաժամկետ դադարեցման, և Վանաձորում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրեց Վանաձորի ավագանու դե յուրե մահը, և այն, ինչ տեղի է ունենում այս օրերին հուշագրերի ստորագրման տեսքով, ըստ էության, դե յուրե դիակին վերակենդանացնելու փորձ է, ինչը չի նշանակում, որ դիակը սկսեց կենդանանալ. «Դե յուրե գոյություն չունեցող մարմինը պետք է լուծարվի, և սա այն ուղիղ հետևությունն է, որ բխում է ՍԴ որոշումից»:
Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք այսօր դիմելու են կառավարությանը՝ ՍԴ վճիռը կյանքի կոչելու, այն է՝ Վանաձորի ավագանին լուծարելու և առաջիկայում նոր ընտրություններ նշանակելու մասին։
Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու Հանրապետական խմբակցության հետ համագործակցության հուշագիր ստորագրելու որոշմանը, Ն. Փաշինյանն այդ համագործակցությունը համեմատեց մահացած հիվանդին վերակենդանացնելու փորձերի հետ. «Սա նման է, որ արձանագրվի, որ հիվանդը մահացել է, հետո «Հայկական վերածնունդը» գա ու ասի, թե պատրաստ է մահացած հիվանդի հետ ամուսնանալ և փորձել նրան վերակենդանացնել։ Եթե Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քնած դշխուհին է, «Հայկական վերածնունդը» կարող է իր համբույրներով փորձել նրան վերակենդանացնել: Բայց կարծում եմ, որ տվյալ դեպքում ոչ թե քնած, այլ մահացած դշխուհու հետ գործ ունենք, որին վերակենդանացնելու փորձերն էդքան էլ տրամաբանական չեն»: