
Պաշտպանը միջնորդում է Արարատ Խանդոյանին անմեղ ճանաչել ու ազատ արձակել դատական նիստերի դահլիճից

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է զանգվածային անկարգությունների հոդվածով դատապարտված Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի բողոքը:
Ըստ «Փաստինֆոյի»՝ պաշտպանը միջնորդում է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մեղադրական դատավճիռը, նրան անմեղ ճանաչել ու ազատ արձակել դատական նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Արարատ Խանդոյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունները, և դատապարտել երեքուկես տարվա ազատազրկման:
Դատարանն ապացուցված էր համարել Արարատ Խանդոյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի նա 2016թ. հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած, հասարակական անվտանգության վտանգած բռնությամբ, ջարդերով, գույքը ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում ու դատապարտել չորս տարվա ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը միջնորդել էր առաջադրված մեղադրանքում Արարատ Խանդոյանին ճանաչել անմեղ և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: