«Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը». Շարմազանովը՝ բելառուս գործընկերոջը

ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ակտիվ աշխատանքը եւ դերակատարումը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ԱՊՀ ՄԽՎ-ում երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցության կարեւորությանը: Նրա գնահատմամբ՝ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է առավել ակտիվ ու հետեւողական լինի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը միջազգային հարթակներում համակարգելու հարցում:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը եւ այդ առնչությամբ կներկայացվեն ցեղասպանություն երեւույթը դատապարտող մի շարք նախաձեռնություններ:

«Առանց անցյալի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման հնարավոր չէ կանխարգելել նոր ցեղասպանությունները: Մենք պետք է դատապարտենք ցեղասպանական քաղաքականության, ֆաշիզմի ու նացիզմի ցանկացած դրսեւորում: Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը» -ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս