Բաժիններ՝

Զիմբաբվեի նախագահ Մուղաբեն բարի գիշեր է մաղթել հրաժարական տալու փոխարեն

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ZBC պետական հեռուստաալիքի եթերում ելույթ է ունեցել ճառով, որտեղ հայտարարել է, թե կմնա նախագահ՝ չնայած իր վրա գործադրվող ճնշմանը: Ուղերձը տեւել է 20 րոպե, բայց, հրաժեշտ տալով՝ նախագահն այդպես էլ չի ասել, որ պաշտոնաթող է լինում:

Դեռ ավելին, իր ճառի ընթացքում նա հայտարարել է, որ մտադիր է նախագահել ԶԱՆՈՒ-ՊՖ կառավարող կուսակցության՝ դեկտեմբերին կայանալիք համագումարում, եւ որ վերջին շաբաթվա իրադարձություններն սպառնալիք չեն ներկայացնում իր լիազորությունների համար, տեղեկացնում է BBC-ին:

Նոյեմբերի 19-ին ավելի վաղ կուսակցությունը Ռոբերտ Մուղաբեին հանել է առաջնորդի պաշտոնից: Կուսակցության անդամներն իրենց նոր ղեկավար են ընտրել երկրի 75-ամյա նախկին փոխնախագահ Էմերսոն Մանանգագվային, որին Մուղաբեն պաշտոնից հեռացրել էր երկու շաբաթ առաջ: Կուսակցությունը նաեւ որոշել է, որ եթե նախագահը մինչեւ նոյեմբերի 20-ի կեսօր (տեղական ժամանակով – ըստ Գրինվիչի՝ 10:00-ը) պաշտոնաթող չլինի, ապա նրա նկատմամբ կսկսվի իմփիչմենտի գործընթաց:

Ավարտելով հեռուստատեսային ուղերձը, որի մինչեւ ամենավերջին պահը բոլորն սպասում Էին, թե նախագահը տեղի կտա ճնշմանը եւ կհայտարարի լիազորությունները վայր դնելու մասին, Մուղաբեն սոսկ ասել է. «Շնորհակալություն ձեզ: Բարի գիշեր»: Զիմբաբվեի ընդդիմության առաջնորդ Մորգան Ցվանգիրային արդեն հայտարարել է, որ չափազանց զարմացած է Մուղաբեի ելույթից: «Ես պարզապես շշմած եմ: Եվ ոչ միայն ես, նույն բանն է զգում ամբողջ երկիրը: Նա ինչ-որ խաղեր է խաղում: Նա հուսախաբ արեց ամբողջ երկրին»,- ասել է Ցվանգիրային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս