Բաժիններ՝

Տրանսպորտի ու կապի նախարարության շենքի բակում ծեծկռտուքի գործով դատապարտվեցին երկուսը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի բակում աղմկահարույց ծեծկռտուքի գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:

Դատավճռով Արա Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով։ Միաժամանակ նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Կարախանյանին կալանքի տակ պահած ժամկետը՝ 6 ամիսը, և թողնվել է կրելու ազատազրկում 6 ամիս ժամկետով:

Վահան Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և դատապարտվել 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի, Արա Կարախանյանը 2016թ. մայիսի 16-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Վահան Սարգսյանի հետ դիտավորությամբ միջին ծանրության վնաս է պատճառել Վահե Մնացականյանի առողջությանը, իսկ ըստ Վահան Սարգսյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. մայիսի 16-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Հայկ Պետրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և Արա Կարախանյանի հետ` խմբի կազմում, Վահե Մնացականյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս։

Մեղադրական եզրակացության մեջ որպես պարզաբանման ու ծեծկռտուքի դրդապատճառ է նշվում հետևյալը՝ Է.Մնացականյանը՝ աշխատելով «Արմմոբիլ» փակ բաժնետիրական ընկերությունում` որպես պահնորդ, հերթափոխային կարգով առևտրի կենտրոնում իրականացրել է անվտանգության աշխատակցի պարտականություններ: 2016թ. ապրիլի 11-ին առևտրի կենտրոն այցելած Արա Կարախանյանը գրանցում կատարելու նպատակով Է.Մնացականյանին է տրամադրել դրամապանակը` այնտեղ առկա վարորդական իրավունքի վկայականի տվյալները գրանցելու համար և մինչ գրանցման ավարտը, մուտք է գործել առևտրի կենտրոն։

Է. Մնացականյանն Արա Կարախանյանի տվյալները մուտքագրելուց հետո, դրամապանակում առկա` վերջինիս «Արքա» տեսակի բանկային քարտի տվյալները վերցնելով, հիշյալ քարտից «Ի դրամ» էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով իր բջջային հեռախոսահամարի հաշվին է փոխանցել 16.800 ՀՀ դրամ գումար, որն էլ հետագայում տնօրինել է։

Արա Կարախանյանը՝ հետագայում իր գումարների հափշտակության հանգամանքը հայտնաբերելուց հետո պարզել է, որ հափշտակությունը կատարել և այդ գումարները տնօրինել է Է. Մնացականյանը և այդ մասին 2016թ. մայիսի 16-ին հայտնել է եղբորը` Արսեն Կարախանյանին և իր ծանոթ Վահան Սարգսյանին։ Վերջինս պարզաբանումներ կատարելու նպատակով նույն օրը զանգահարել է Է. Մնացականյանին, ապա հեռախոսազրույց ունենալով նրա եղբայր Վահե Մնացականյանի հետ, վերոհիշյալ հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով ժամը 16։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Գործը ամբաստանյալներ Ա.Կարախանյանի և Վ.Սարգսյանի միջնորդությամբ քննվել է արագացված դատական քննության կարգով: Միջնորդությունը ներկայացնելով ամբաստանյալները հայտարարել են, որ իրենց լիովին մեղավոր են ճանաչում:

Արդեն իսկ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Արա Կարախանյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը: Նա բողոքում միջնորդում է բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, բավարարվել 6 ամիս անազատության մեջ գտնվելու ժամկետով կամ իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան կամ նշանակել նվազագույն պատժից առավել մեղմ պատիժ:

Մամուլի հրապարակումներում շրջանառվում էին լուրեր առ այն, որ մեղադրյալներն այն ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են, սակայն նախարարությունը հերքել էր դա՝ նշելով, որ Գ.Բեգլարյանը թիկնապահներ չունի և որ նա որևէ կապ չունի միջադեպի հետ:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս