ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները՝ վտանգավոր փակուղային իրավիճակում
Էրդողանը հրապարակավ մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին ֆինանսավորելու, ինչպես նաև՝ քուրդ ապստամբների միջոցով Սիրիայի և Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու մեջ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Թուրքիայի նախագահ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի հարցում Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը: Անկարայում ուրբաթ օրն իր ներկուսական ելույթի ընթացքում Էրդողանը բացահայտ կերպով հարցականի տակ է առել Սիրիայում ԱՄՆ-ի ներգրավվածությունը:
«Ինչու է Միացյալ Նահանգները ներգրավվում իր երկրից 12 հազար կմ հեռավորությամբ գտնվող պետության ներքին խնդիրներին: Տարածաշրջանում շատերն են տալիս այս հարցը, մենք՝ նույնպես», – հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը նաև մեղադրել է Վաշինգտոնին՝ իր խոստումներն ու պարտավորությունները խախտելու մեջ: Հիշեցնենք, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների հարաբերությունները փակուղի մտան, երբ ԱՄՆ-ը սկսեց աջակցել ու զինել Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցությանը» (PYD) Դաեշ-ի դեմ պայքարում:
Պաշտոնական Անկարան մեղադրում է Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցությանը» (PYD) Թուրքիայում տեղի ունեցող խժդժությունների, ինչպես նաև՝ Դաեշ-ին ԱՄՆ-ից մեծ գումարներ փոխանցելու համար:
«Դաեշ խմբավորմանը զինում են նրանք, ովքեր պնդում են, որ պայքարում են ահաբեկչության դեմ», – հայտարարել է Էրդողանը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն խոչընդոտել է Դաեշ-ի դեմ իրականացվող հատուկ գործողությունները: Էրդողանը նաև նշել է, որ նրանք, ովքեր ստեղծել են այդ անողոք ահաբեկչական խմբավորումը, նաև ստեղծել են Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցությունը» (PYD):
Նշենք, որ Թուրքիայի պետական լրատվամիջոցները բազմիցս են մեղադրել Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու համար: Նմանատիպ դավադրությունների տեսությունները սկիզբ առան հատկապես շրջանառվող այն լուրերից հետո, ըստ որոնց, Սիրիայի քրդական զինյալներն ու ԱՄՆ-ի զինված ուժերը թույլատրել են Դաեշ-ի հարյուրավոր զինյալների ու նրանց ընտանիքների անդամներին լքել շրջափակված սիրիական Ռաքքա քաղաքը:
Միջազգային հարաբերությունների դասախոս Հուսեյն Բաբչին տեղեկացնում է, որ Վաշինգտոնի հանդեպ Անկարայի որդեգրած այս կոշտ դիրքորոշումն, անհետևանք չի մնա:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները առաջիկայում կարող են է՛լ ավելի սրվել՝ հաշվի առնելով Թուրքիա-Սիրիա սահմանին գտնվող Էֆրին անկլավից Սիրիայի քրդական զինված ուժերի անհապաղ դուրս բերելու մասին Էրդողանի կոչը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը բազմիցս է զգուշացրել Էֆրինի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին:
Վերլուծաբանների կարծիքով, Էֆրինում ռազմական գործողություններ իրականացնելուց առաջ Էրդողանին հարկավոր կլինի ստանալ Մոսկվայի համաձայնությունը՝ հաշվի առնելով այնտեղ գտնվող ռուսական զորամիավորումների ներկայությունը: Այս համատեքստում, Էրդողանը նաև նշել է, որ այս շաբաթ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
Հաջորդ շաբաթ կայանալիք գագաթաժողովին Էրդողանը, Պուտինն ու Իրանի նախագահը պատրաստվում են քննարկել Սիրիայի իրավիճակը: Նշենք, որ Անկարայի, Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են դեռ անցյալ տարվանից, ինչը ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներին լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Էրդողանը ուրբաթ օրը նաև հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը չեն մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին` իր և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող զինվորականների կողմից հնչեցված վիրավորանքների պատճառով: Էրդողանը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի դաշինքը կկազմալուծվի, եթե այս վերաբերմունքը չվերանա: