Թուրքիայի ոստիկանության զինանոցում 2 զինված անօդաչու թռչող սարք կա
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պլանավորման և բյուջեի հանձնաժողովի նիստում խոսել է երկրի զինանոցում առկա զինատեսակների և պլանավորված գնումների մասին:
Թուրքական «Haber.com» լրատվակայքի համաձայն՝ Սոյլուն տեղեկացրել է, որ մինչև 2016թ. դեկտեմբերը Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը չուներ ոչ մի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և հետախուզական ինքնաթիռ: Իսկ այս պահին ժանդարմերիայի տնօրինության տակ կա 3 օդաչուավոր հետախուզական ինքնաթիռ, 4 անօդաչու թռչող սարք և 4 զինված անօդաչու թռչող սարք: Բացի այդ, ըստ Ermenihaber.am-ի՝ նախատեսվում է գնել 2 հետախուզական ինքնաթիռ և 36 զինված անօդաչու թռչող սարք:
Սոյլուի խոսքով՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունն իր հերթին ունի 2 հետախուզական ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 2 զինված ԱԹՍ, նախատեսվում է գնել ևս 2 հետախուզական ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 3 զինված ԱԹՍ:
Թուրք նախարարը հավելել է, որ ծովափնյա անվտանգության ուժերի հրամանատարությունը ևս նախատեսում է գնել 1 հետախուզական ինքնաթիռ, 6 ԱԹՍ: Բացի այդ, 2017թ. հոկտեմբերի դրությամբ զինանոցում առկա է 1.161 մինի անօդաչու դրոն, նախատեսվում է ձեռք բերել ևս 450-ը:
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի ոստիկանությունը միակն է աշխարհում, որ իր տրամադրության տակ ունի զինված ԱԹՍ-ներ: