
Սերժ Սարգսյանը մի շարք օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարական է տվել. ՀՀԿ-ում քչերն են տեղյակ դրանց բովանդակությունից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Սերժ Սարգսյանն ընտրական, քրեական և այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարական է տվել, որը բխել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից։
Փոփոխությունները գրեթե միանձնյա մշակում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ ՀՀԿ-ում քչերն են տեղյակ դրանց բովանդակությունից, որի առանցքում լինելու է վարչական լծակների և ռեսուրսների գործադրման խնդիրը․ավելի խիստ պատիժներ են սահմանվելու, և հնարավոր է՝ ՏԻՄ ընտրությունների համար ևս սահմանվի համամասնական ընտրակարգ։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում արձանագրված էր․ «Ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունների ընթացքը»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։