«Մարտահրավեր եմ նետում՝ ստեղծելու ձեր պատկերացրած աշխարհը, չլինելով այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել ձեզ». Թոնի Ֆադել
Այսօր Մատենադարանի դահլիճում ՏՀՏ համայնքի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպման էր հրավիրվել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի դափնեկիր Թոնի Ֆադելը, ով հանդիսանում է «Նեստ Լաբս» ընկերության հիմնադիրը և IPod ապրանքանիշի ստեղծողը: Հանդիպման շրջանակներում պարոն Ֆադելը ներկայացրեց իր շնորհանդեսը, այնուհետև պատասխանեց երիտասարդների հարցերին։
«20 ժամը դեռ չի լրացել, ինչ Հայաստանում եմ: Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան: Յոթ տարի պահանջվեց, մինչև հասա Հայաստան, և ահա ես այստեղ եմ՝ հյուրընկալող կողմի ջերմ ընդունելությամբ, ինչ համար շնորհակալ եմ: Սկզբի համար ուզում եմ հստակեցնել՝ շատ կուզենայի, որ միջոցառումն ավելի շատ ձեզ վերաբերեր, քան ինձ, որովհետև իմ մասին դուք համացանցից արդեն տեղեկացված կլինեք: Իմ ձեռքբերումները, որոնց մասին դուք հավանաբար գիտեք, այդ պատճառով էլ այսօր այստեղ եք, այո՛, եղել են: Թեև երբեք չպետք է մոռանալ, որ այդ ճանապարհին բազմաթիվ դասեր են քաղվել, հետևաբար՝ իմ կյանքը միայն հաջողությունների պատմություն չի եղել: Խնդրում եմ ձեռք բարձրացնեն դահլիճում գտնվող այն մարդիկ, ովքեր ցանկանում են երբևէ սեփական ընկերություն ստեղծել: Հարցրեցի, ու արդյունքը հիանալի է, և հարցրեցի, որովհետև ես այս կյանքում միայն այդ կերպ կկարողանայի ապրել՝ կերտելով ինձ շրջապատող միջավայրը:
Կյանքումս միայն մեկ աշխատանք եմ ունեցել, որի շրջանակն ուրիշ մեկի կողմից էր գծված, մնացյալ բոլոր աշխատանքներս ես եմ ստեղծել՝ զրոյից: Մարտահրավեր եմ նետում ձեզ, որպեսզի ստեղծեք ձեզ շրջապատող և ձեր պատկերացրած աշխարհը՝ չլինելով երբեք այնպիսին, ինչպիսին ուրիշներն են ուզում տեսնել ձեզ, և հատկապես՝ իրենց գծած շրջանակներով սահմանափակված: Կերտեք ձեր սեփական դիրքերը, բայց նորից հիշեցնեմ, որ այդ ճանապարհը ստիպված կլինեք անցնեք ձախորդությունների շղթայի հետ միասին: Սիլիկոնային հովտում ես եղել եմ ընդամենը 25 տարի, որից առաջին 10 տարին ձախողված բիզնեսների տասնամյակ էր: Ամեն ձախողումից ես ինչ-որ կարևոր բան սովորեցի: Աշխատելով իմ հերոսների հետ, մենք կրկին ուժ հավաքեցինք՝ ոտքի կանգնելու և ստեղծելու համար մի նոր բան՝ համոզված լինելով, սակայն, որ նորից նույն սխալները չենք կրկնելու: Այստեղ է, որ կարևորվում է տոկունությունը:
Եկան 90-ականների կեսերը: Այդ ժամանակահատվածում ես զբաղված էի փոքրիկ սարքեր ստեղծելով: Ընկերներից շատերը, ովքեր նույնպես այդ գործով էին զբաղված, երջանկությամբ ազդարարեցին ինտերնետի գալուստը և փութալով տեղափոխվեցին այդ տարածք: Ես շարունակեցի իմ գործը:
2001 թվականին, երբ սեփական start up սկսնակ ձեռնարկությամբ էի աշխատում, հեռախոսազանգ ստացա Apple-ից: Խոսափողի այն կողմից ինձ հարցրեցին ՝ պատրա՞ստ եմ ես արդյոք տեղափոխվել Apple և օգնել նախագծել iPod-ը:
Այսօրվա դրությամբ ձեզ հայտնի իմ կարիերայի սկիզբը մեկնարկեց հենց այդ զանգով, որին նախորդել էր ձախողումների երկարամյա մի շրջան, որի ժամանակ զբաղված էի սեփական միջավայրի, սեփական եսի, սեփական պատկերացումների ստեղծմամբ, այլ ոչ արդեն գծված շրջանակների մեջ տեղավորվելու փորձերով: Տարիքի հետ հասա մի հանգրվանի, երբ որոշեցի տարիներիս փորձը, կուտակած գումարն ու ժամանակը ներդնել այլ ձեռնարկություններում սկսնակներին օգնելու ուղղությամբ, և ներկայումս ողջ աշխարհում ավելի քան 200 փոքր ընկերությունների կայացման օգնականն եմ:
Ես այսօր այստեղ կանգնած չէի լինի, եթե իմ ժամանակին էլ ինձ նույն կերպ օգնության ձեռք մեկնողներ չլինեին: Տեղեկացնեմ, որ վերոհիշյալ 200 ընկերությունները Սիլիկոնային հովտից դուրս են: Դրանք մեծ մասը գտնվում է աշխարհի ամենատարբեր՝ մեծ ու փոքր, շատ բազմազան մշակույթներ ունեցող երկրներում, սակայն դրանց բոլորին միավորում է մեկ ընդհանուր բան՝ բոլորի ակունքներում կանգնած են գործի նկատմամբ մեծ նվիրում ունեցող, խելացի ձեռնարկատերեր:
Ուստի բոլորիդ հորդորում եմ ՝ձեր ներսում փնտրեք ձերը և չփորձեք նմանակել անգամ Սիլիկոնային հովտին, կերտեք ձեր սեփական երազանքը, որպեսզի ձեր տարածաշրջանում և երկրում լինեք հպարտ ու սեփականատեր: Քաջալերում եմ ձեզ՝ սկիզբ դրեք սեփական start up-ներին և առաջ շարժվեք»:
Թոնի Ֆադելը ծնվել է 1969 թվականի մարտի 22-ին, ԱՄՆ-ում: 1991 թ. ավարտել է Միչիգանի համալսարանը՝ համակարգչային ճարտարագետ բակալավրի կոչումով:
Թոնի Ֆադելը հայտնի է՝ որպես գյուտարար, դիզայներ, ձեռներեց և հրեշտակ ներդրող:
Լինելով երաժշտության սիրահար՝ Ֆադելը մտածում էր դյուրակիր թվային երաժշտական նվագարկչի հայտնագործման ուղղությամբ: Իր սեփական ստարտափի համար ֆինանսավորում գտնելու ժամանակ 2001 թ. նա համագործակցության հրավեր է ստանում Apple ընկերությունից, սակայն ներկայացնելով Apple-ն իր դիզայնով, նա Սթիվ Ջոբսից մշտական աշխատանքի առաջարկ է ստանում Հատուկ նախագծերի խմբի ղեկավարի պաշտոնում:
2006-2008 թթ. նա աշխատում է Apple ընկերության iPod բաժնի ավագ փոխնախագահ և հայտնի է՝ որպես «iPod-ի հայրերից մեկը»:
Երբ Սթիվ Ջոբսը որոշեց տեղափոխվել բջջային հեռախոսների ոլորտ, Ֆադելը նշանակվեց նոր նախագծերի ղեկավար: iPod-ին հեռախոսի գործառույթ ավելացնելու ջանքերը տապալվեցին, սակայն Ֆադելն իր թիմի աշխատելով նախագծի վրա՝ դարձրին այն բջջային հեռախոս ներկառուցված iPod-ով և ստեղծեցին խաղի կանոնները փոխող մի սարք՝ iPhone:
Արդեն երկրորդ անգամ է, որ Ֆադելը և իր Apple-ի թիմը խախտում են էլեկտրոնային սարքավորումների շուկայի հավասարակշռությունը և Apple-ը կանգնեցնում են ամենավարձատրվող ընկերություն դառնալու ճանապարհին:
2008 թ. Ֆադելը լքում է Apple-ը:
2010 թ. նա հիմնում է Nest Labs ընկերությունը, որը 2011 թ. հայտարարում է իր առաջին արտադրանքի՝ Nest Learning Thermostat-ի մասին, որին հետևում են ծուխ հայտնաբերող սարքի և անվտանգության համակարգի հայտնագործությունները: Ֆադելն ավելի քան 300 արտոնագրի հեղինակ է:
2012 թ. նա ստանում է «Ալվա» մրցանակ՝ որպես «հաջորդ մեծ սերիական գյուտարար»:
2014 թ. Google-ը 3.2 միլիարդ դոլարով գնում է Nest կազմակերպությունը: Ֆադելը շարունակում է համագործակցել Google-ի հետ, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվում է:
2014 թ. Թոնի Ֆադելն ընդգրկվում է Աշխարհի թոփ 25 էկո-նորարարների ցանկում: 2016թ. Ֆադելը հանդիսանում է Actev Motors երիտասարդ նախագծի հիմնադիրը, որը ստեղծում է երեխաների համար ամբողջությամբ էլեկտրոնային խելացի կադր-մեքենաներ: