
Նալբանդյանն ու Մամեդյարովը համաձայնել են հանդիպել Վիեննայում. ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 14-ին և 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել:Ի
Հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանն ուղղված հստակ քայլեր, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են ներկայում բանակցային սեղանին գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ:
Նախարարները համաձայնել են հանդիպել 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում: Համանախագահները կնախապատրաստեն այդ հանդիպման օրակարգը, որը կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր, ինչպես նաև շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցներ: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերջնական աշխատանքներին»: