
Խցանումների առաջանալու հնարավորությունները կնվազե՞ն. կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ առաջարկվում է լրացնել էլեկտրամոբիլ հասկացությունը, օրենքով ամրագրել մոպեդներ վարելու համար համապատասխան վարորդական վկայական ունենալու իրավական հիմքերը, հստակեցնել տրանսպորտային միջոցների գրանցումը մերժելու հիմքերը, նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում՝ դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև պատահարի վերաբերյալ ելակետային տվյալների հավաքագրման իրականացումն ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ համահունչ դարձնելու նպատակով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ ակնկալվում է, որ օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումների առաջանալու հնարավորությունները: