Բաժիններ՝

Պատգամավորներն առաջարկում են 27 տարին լրացած անձանց զինծառայությունից խուսափելու դիմաց վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը և վերադառնալ Հայաստան

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի և Աղվան Վարդանյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրինագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել 27 տարին լրացած անձանց զինծառայությունից խուսափելու դիմաց վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը և վերադառնալ Հայաստան:

Նախագծի հիմնական զեկուցող Կ. Աճեմյանն ասաց, որ իրենք բարի գործ են ուզում անել, որովհետև, նրա խոսքով, այդ երեխաները տարբեր պատճառներով են հեռացել երկրից, և, ըստ նրա, դռները նրանց առջև փակելն այդքան էլ տրամաբանական չէ: Նա ասաց, որ կառավարությունն առաջարկել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով տուգանք սահմանել, բայց իրենք առաջարկում են տուգանք սահմանել 200-ապատիկի չափով. «Մինչև 2015 թվականի մայիսի 1-ը բառերը փոխարինում ենք 2017 թվականի դեկտեմբերի 1-ը բառերով»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե սա «ռազըվի՞» միջոցառում է, թե՞ հետագայում էլի նման խնդրի առջև ենք կանգնելու. «Մենք վերջին անգա՞մ ենք մեր հայրենակիցներին տալիս վերադառնալու հնարավորություն, թե՞ արդյոք հնարավոր է, որ ամեն տարվա համար նույն խնդրի առջև կանգնենք ու երկարացնենք»:

Ի պատասխան՝ Կ. Աճեմյանն ասաց, որ արդեն 9-րդ անգամ է, որ փոփոխություն է առաջարկվում, բայց իրենք ոչ մի օրենքում չեն կարող ամրագրել դրույթ, որ սա վերջին անգամն է. «Եթե հետագայում պահանջ կլինի, ու կառավարությունը դրական եզրակացություն տա, անպայման այդ հարցը կքննարկվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս