Արդյոք կարելի՞ է անչափահասին վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան առանց ծնողի

«Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ ծնողական իրավունքներից սահմանափակման որևէ նոր հիմք, ինչպես նաև՝ որևէ հիմք, որը կարող է խարխլել ավանդական ընտանեկան արժեքները: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով փաթեթը։

Ընտանեկան բռնության անմիջական վտանգի դեպքում անձի անվտանգությունն անհապաղ ապահովելու նպատակով օրինագծում ներդրվել են անհետաձգելի միջամտության որոշման և պաշտպանական որոշման ինստիտուտները: Առաջարկվել է նախազգուշացման ինստիտուտ, որը կկիրառվի առաջին անգամ ընտանեկան բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում:

«Օրենքը կարգավորում է երկու ինստիտուտի ստեղծում. մեկը մեզանում կա։ Դրանք սոցիալական աջակցության կենտրոններն են, որոնք պետք է ենթարկվեն որոշակի տրանսֆորմացիայի և այս օրենքով օժտված կլինեն նոր լիազորություններով։ Երկրորդ ինստիտուտն ապաստարանն է։ Դա վայր է, որտեղ բռնության ենթարկված անձը առավելագույնը մինչև 12 ամիս ժամկետով կարող է տեղավորվել։ Նախատեսվում են ռեաբիլիտացիոն միջոցառումներ, որպեսզի օգնեն մարդուն ինքնուրույն վարել կյանքը, կամ, եթե հնարավոր է, հաշտեցման գործընթաց, իրականացվի հաշտեցումը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

«Օրենքը բազմիցս քննարկել ենք տարբեր հարթակներում: Պետք է նշեմ, որ առաջին տարբերակից մինչև այն տարբերակը, որը ներկայացնում եմ ձեր դատին, մի շարք լուրջ, կարևոր փոփոխություններ են ամրագրվել: Ամրագրվել են նաև մտահոգիչ հարցեր: Օրինակ՝ արդյոք կարելի՞ է անչափահասին վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան առանց ծնողի։ Իրականում՝ ոչ, և դա ստիպված կոշտ ամրագրել ենք, որպեսզի դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս