Բաժիններ՝

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը Տիգրանակերտում շինության փլուզման պատճառ է դարձել

Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մոտակայքում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Տիգրանակերտում շինություն է փլուզվել: Այս մասին գրառում է կատարել Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակից Սերգեյ Շահվերդյանը: «Բարեբախտաբար, պատմական շինությունները չեն վնասվել»,-գրել է նա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ փլվել է թանգարանի հանրային զուգարանի պատի մի հատվածը, որը ամուր հիմքեր չուներ: «Ես խոսել եմ Տիգրանակերտի թանգարանի տնօրենի, ինչպես նաեւ Տիգրանակերտի ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ, հնագետ Նժդեհ Երանյանի հետ: Որևէ այլ բան տեղի չի ունեցել: Տիգրանակերտի պարիսպը կատակ բան չի»,-ասաց Համլետ Պետրոսյանը:

Նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս