Բաժիններ՝

«Հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը 10%-ով ավելի վատ չի ապրելու». Վարդան Արամյան

Հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը 10%-ով ավելի վատ չի ապրելու, հակառակը` մարդկանց կյանքը բարելավվելու է, քանի որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2018-ին աճելու է շուրջ 300 դոլարով: Նման պնդում այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Սպառումն ավելացել է, իսկ դա խոսում է այն մասին, որ մարդկանց մոտ կա եկամուտների աճ, երկրորդ`  մարդն ունի դրական ակնկալիքներ ապագայի նկատմամբ»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` զբաղվածության ավելացման և գործազրկության կրճատման առումով դրական միտում կա, որը պահպանելու դեպքում հարաբերականորեն ավելի լավ իրավիճակ է լինելու 2018-ին՝ 2017-ի համեմատ: Վ.Արամյանն ուղիղ պատասխան չտվեց, թե արդյոք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի կրճատման անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:

«Դուք մոռանում եք, որ մենք նվազագույն աշխատավարձը 2012-ի համեմատ բարձրացրել ենք 70%-ով: Այդ ժամանակ միջին աշխատավարձը, այդ թվում՝ նաև ձեր նշած պաշտոնյաների աշխատավարձը, 70% աճ չի գրանցել: Երբ մենք բարձրացնում ենք նպաստները, թոշակները և աշխատավարձը, ուրեմն պետք է ազնիվ լինենք, քանի որ մենք 1 տարվա խնդիր չենք լուծում, պետք է մտածենք հաջորդ տարիների մասին: Այս տարի ունենք 4.3 % նախատեսվող տնտեսական աճ»:

Վ.Արամյանը նշեց, որ ապագա տարիներին բարձր տնտեսական աճ և հարկային եկամուտներ չունենալու պարագայում չի կարելի բնակչությանը խոստանալ, որ թոշակները և նվազագույն աշխատավարձը՝ որպես սոցիալական գործիք, կբարձրացվեն:

Նախարարի խոսքով` սոցիալական խնդիրները լուծելու՝ իշխանության և ընդդիմության մոտեցումները տարբեր են, մասնավորապես` իշխանությունը ձգտում է իրականում ապահովել տնտեսական աճ. «Եթե մենք չենք ունենում տնտեսական աճ, հետագայում պրոբլեմ է դառնում սոցիալական խնդիրները լուծելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս