«Գաղտնի հանդիպումներ Անկարայում». Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի փոխվարչապետի հետ
Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նոյեմբերի 15-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի, ինչպես նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ խորհրդականների հետ:
Այս մասին գրում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը՝ ընդգծելով, որ պատրիարքական ընտրությունների կազմակերպման հարցում առկա բարդությունների պարագայում իրականացված նման հանդիպումները հատկապես մեծ ուշադրություն են գրավում:
Ենթադրվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի օրակարգում եղել են համայնքային (վաքըֆների) ընտրությունների և պատրիարքի ընտրության հարցերը: Թուրքիայի կառավարությունում ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատու փոխվարչապետ Չավուշօղլուի հետ Շիրինօղլուի հանդիպումը շարունակվել է երկու ժամ: Ուշագրավ է, որ այդ հանդիպումից հետո Շիրինօղլուն գրասենյակից որևէ հայտարարություն չի արվել: Նրան մոտ շրջանակները հայտնել են, որ հանդիպման ժամանակ քննարկումների բովանդակության վերաբերյալ մամուլի համար հայտարարություն չի արվելու:
«Մի ժամանակահատվածում, երբ այդքան շատ հարցականներ կան պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ, թե այդ գործընթացում ներգրավված գործող անձինք և թե հասարակությունը հետաքրքրված է հանդիպման մանրամասներով: Ուշագրավ է, որ հանդիպման մասին ոչ պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ոչ էլ վաքըֆների նախագահները տեղյակ չեն եղել»,- գրում է «Ակոս»-ը: Ուշագրավ է, որ պարբերականը լուրը հրապարակել է «Գաղտնի հանդիպումներ Անկարայում» վերտառությամբ:
Պետրոս Շիրինօղլուն հայտնի է Թուրքիայի իշխող շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2017 թվականի հունվարի 18-ին նա նախագահական պալատում հանդիպել էր Էրդողանի հետ: Վերջինս խոստացել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով զբաղվել ապրիլին նախատեսվող սահմանադրական հանրաքվեից հետո: Այդուհանդերձ, նոր պատրիարք ընտրելու գործընթացը մինչ օրս մնում է չհանգուցալուծված:
Ուշագրավ է նաև այն, որ Շիրինօղլուն բազմիցս խոսել է Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահի պաշտոնից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Նա հայտնի է նաև մեծ ճնշման ներքո Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնից հեռանալու մասին հայտարարած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ ունեցած սերտ կապերով: