Սերգեյ Լավրովն առաջարկություններ կբերի՞
Ակնհայտ է, որ համանախագահողների կողմից որոշակի ակտիվություն կա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Մոսկվա այցերին, Պուտին-Էրդողան բանակցություններին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին:
«Մի կողմից՝ այն այցերը, որ դուք նշում եք, վաղուց պլանավորված էին: Ինչ վերաբերում է մշակութային օրերին, դա արդեն ծրագիր է, որը վաղուց նախապատրաստվում էր: Նույնը վերաբերում է Լավրովի այցին, որը կապված է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ: Մյուս կողմից՝ նաև ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահողների կողմից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, և բնական է, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ նույն արտգործնախարարները միշտ էլ ազատ են քննարկել ցանկացած հարց, առավել ևս՝ այն հարցերը, որոնք այդքան կարևոր են: Ես կասեի՝ ընդհանուր առմամբ գործընթացի վեկտորը դրվել է Վիեննայով և առ այսօր դեռ չի փոխվել: Եվ ակնկալիքը նաև համանախագահողների այն է, որ, որպեսզի այդ կարգավորման գործընթացում առաջընթաց լինի, պետք է կողմերի միջև վստահություն լինի, իսկ դա իր հերթին՝ ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
Պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված համանախագահների ակտիվությունը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Արդեն քանի տարի է՝ ոչ միայն առաջընթաց չկա բանակցակին գործընթացում, այլ նաև իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը: Այդ տեսակետից չեն կարող մտահոգված չլինել, առավել ևս, որ բազմիցս նշվել է՝ երեք համանախագահող երկրները հանդիսանում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Եվ բնական է՝ իրենց համար լրիվ անընդունելի է, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները»:
Հարցին՝ արդյոք Սերգեյ Լավրովն իր հետ առաջարկություններ բերելո՞ւ է, Շավարշ Քոչարյանն ասաց՝ անընդհատ խոսվում է դրա մասին, որ Ռուսաստանի արտգործնախարարը չի գործում առանձին, գործում է եռանախագահության ֆորմատի մեջ. «Այդ տեսակետից մի փոքր տարօրինակ է, երբ անընդհատ փորձում են առանձնացնել, առավել ևս, որ ինքը մի քանի անգամ նույնիսկ հրապրակային հերքել է»: