«Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ և տղամարդու միջև». Դավիթ Հարությունյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ սա պայմանավորված է Սահմանադրությամբ. այն նորովի մի շարք կարգավորումներ է տվել:

«Որպես ամուսնանալու սահմանափակման նպատակ՝ ամրագրել է բացառապես առողջության և բարոյականության պաշտպանությունը: Առաջին անգամ ամրագրել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ և տղամարդու միջև»,- ասաց արդարադատության նախարարը, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք մինչ այդ դա ամրագրված չէ՞ր:

Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց. «Ոչ, ամրագրված չէր, ենթադրվում էր, իսկ հիմա մենք ամրագրել ենք դա»:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ամրագրվում է, որ երեխայի կարծիքը նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան պետք է հաշվի առնվի երեխայի հետ կապված ցանկացած հարց լուծելիս, իսկ երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

«Ամրագրել է ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանափակելու նպատակը, և դա միայն երեխայի կենսական շահն է: Սահմանադրությունը նախատեսում է իր ծնողների հետ կանոնավոր շփումների երեխայի իրավունքը: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ կապված՝ պետության պաշտպանության և հոգածության ներքո գտնվելը: Այս նորմերը չեն եղել մեր նախորդ Սահմանադրության ձևակերպման մեջ, և, բնականաբար, դրանք պետք է միս ու արյուն ստանային հենց այս նախագծով»,- ասաց արդարադատության նախարարը՝ նշելով, որ սրանից բխող կարգավորումներ են առաջարկվել որդեգրման գործընթացում, որոնք բխում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից:

Նրա խոսքով՝ մանրամասնել են, թե ինչ է նշանակում երեխայի լավագույնը շահը. ձևակերպում, որն օգտագործվում է կոնվենցիոն փաստաթղթերում, ՀՀ մի շարք օրենքներում, սակայն բացված չի եղել: Ամրագրվել են խնամատար ընտանիքներում երեխաների տեղավորման հիմքերը, խնամատար ընտանիքների տեսակները, երեխաների գտնվելու տևողությունը: Նա նշեց նաև, որ, քանի որ մի շարք նոր պարտավորություններ են սահմանվել, նախատեսվել են սանկցիաներ. խոսքը թե վարչական, թե քրեական պատասխանատվության մասին է՝ տարբեր նորմերի խախտման հետ կապված:

Կառավարության անդամներից մեկը 1-2 օր ժամանակ խնդրեց մի քանի հարց հստակեցնելու համար, սակայն Կարեն Կարապետյանը հարցրեց, թե ինչու մինչ այդ չեն հասցրել: «Ինչքա՞ն ժամանակ է՝ քննարկում ենք սա: Մենք ձեզ հետ պայմանավորվել ենք: Մենք չենք բացառում և իդեալիստ չենք, որ հնարավոր է՝ շտապ լուծումներ լինեն, որոնք պահանջում են մեկ-երկու օր: Բայց այն, ինչ ամիսներով նայում ենք, ինչո՞ւ ենք վերջին օրը նորից երկու օր ուզում: Ոչ»,- ասաց վարչապետը, սակայն ավելի ուշ տվեց այդ ժամանակը, երբ քննարկվող հարցերից ևս մեկի առնչությամբ լրացուցիչ ժամանակ խնդրվեց:

Տեսանյութեր

Լրահոս