
Կարեն Կարապետյանի հանձնարարականը` շինարարական թույլտվությունների վերաբերյալ

Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց շինարարական թույլտվությունների տրամադրման վերաբերյալ:
Վարչապետն ասաց, որ անհրաժեշտ են համարում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելության աստիճանը:
«Գործարարությամբ զբաղվելու 2018թ. զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին, և արձանագրվել էին որոշակի խնդիրներ:
Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում նաև առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա: Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները՝ խիստ պատճառաբանված: Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողության գործառույթներ:
Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին երկուամսյա ժամկետում համատեղ մշակել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված առաջարկություններ և դրանք ներկայացնել կառավարության աշխատակազմ»,- նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: