Իտալիայում մահացել է կոմպոզիտոր Լուիս Էնրիկես Բակալովը
Կյանքի 85-րդ տարում Հռոմում վախճանվել է արգենտինա-իտալացի կոմպոզիտոր եւ դաշնակահար Լուիս Էնրիկես Բակալովը:
Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել է ANSA լրատվական գործակալությունը: Նրա տվյալներով՝ կոմպոզիտորի մահը վրա է հասել Հռոմի «Սան Ֆիլիպո Ների» հիվանդանոցում, որտեղ նա մի քանի օր առաջ պառկել էր սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշմամբ: 1933 թվականի օգոստոսի 30-ին Սան Մարտինում (Արգենտինա) ծնված Բակալովը 1959 թվականից հպատակագրված իտալացի է: Լուիս Էնրիկես Բակալովն առավել հռչակված է կինոյի բնագավառի իր գործերով:
Այսպես, 1996 թվականին նա արժանացել է Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակին «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում՝ ռեժիսոր Մայքլ Ռեդֆորդի «Փոստատարը»(Il Postino, 1994 թվական) կինոնկարում կատարած աշխատանքի համար: Նրա գործերը նաեւ հնչում են այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Պիեռ Պաոլո Պազոլինին, Էդուարդո դե Ֆիլիպոն, Ֆեդերիկո Ֆելինին, Դամիանո Դամիանին, Էտորե Սկոլան, Քվենտին Տարանտինոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: