
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավն աճուրդում վաճառվել է 400 մլն դոլարով

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը Նյու Յորքում Christie’s-ի աճուրդում վաճառվել է 400 մլն դոլարով, ինչը ռեկորդ է դարձել երբեւիցե աճուրդներում վաճառված ստեղծագործությունների համար:
Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավներից մասնավոր հավաքածուում գտնվող միակ գործը դարձել է ոչ միայն հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստի, այլեւ ամբողջ 21-րդ դարի գլխավոր լոտը:
Այն աճուրդի էր դրվել 100 մլն դոլարով: Նկարը բաժին է հասել այն գնորդին, որը գրեթե կեսժամանոց աճուրդի ընթացքում կտավի համար առաջարկել է 400 մլն դոլար: Աշխատանքի հանրագումարային արժեքը կկազմի ավելի քան 450 մլն դոլար, ինչը ռեկորդ է դարձել երբեւիցե աճուրդներում վաճառված ստեղծագործությունների համար: Համարվում է, որ «Աշխարհի փրկիչը» կտավն ստեղծվել է մոտավորապես 1500 թվականին: Այսօր աշխարհում 20-ից քիչ նկարներ կան, որոնք վերագրում են Լեոնարդո դա Վինչիի վրձնին: Վարպետի աշխատանքները շուկայում չէին հայտնվել ավելի քան հարյուր տարի: