ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատները վերստին պահանջել են իմփիչմենտ հայտարարել Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամները նոյեմբերի 15-ին վերստին հանդես են եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենտ հայտարարելու նախաձեռնությամբ:
Այս անգամ պետության ղեկավարի պաշտոնազրկումը պնդում են կոնգրեսականներ Սթիվեն Քոենը (Թենեսիի նահանգից) եւ Լուիս Գուտիերեսը (Իլինոյսի նահանգից)։ «Մենք կարծում ենք, որ նախագահ Թրամփը խախտել է Սահմանադրությունը»,- մամուլի ասուլիսում ասել է Քոենը:
Նրա խոսքով՝ Սպիտակ տան տերը, մասնավորապես, չարաշահել է իշխանությունն՝ այս տարվա մայիսին պաշտոնից արձակելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին: Բացի դրանից, դեմոկրատները Թրամփին մեղադրում են «աշխատավարձից բացի, իր գործարարությունից շահույթ ստանալու մեջ, ինչը նույնպես արգելված է Սահմանադրությամբ», ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ճնշման մեջ:
«Ուստի մենք Ներկայացուցիչների պալատին կոչ ենք անում անհապաղ լսումներ սկսել իմփիչմենտի շուրջը»,- ընդգծել է Քոենը: Գուտիերեսն իր կողմից հավաստել է, որ նման նախաձեռնությունը պայմանավորված չէ Թրամփի այն գործողություններով, որոնք նա ձեռնարկել է նախքան իր ընտրվելը, ոչ էլ հասարակության մեջ «ռասայական եւ էթնիկական լարվածության» ստեղծմամբ, այլ «իր գրպանները լցնելու», ինչպես նաեւ արդարադատությանը խոչընդոտելու նրա ձգտմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: