Քիրա Նայթլին երգել է Chanel-ի համար
Հոլիվուդյան դերասանուհի Քիրա Նայթլին, որը Chanel Fine Jewelry-ի դեսպանորդն է, նկարահանվել է հերթական մինի-ֆիլմում, որը նվիրված է զարդերի՝ մատանիների եւ կախազարդերի Coco Crush հավաքածուին՝ ֆիրմային նախշակարը նմանակող պատկերով:
Ժապավենում Նայթլին, որը կրում է Chanel-ի զարդերը, կիթառ է նվագում եւ երգում Սերժ Ռեզվանիի խոսքերով գրված Le Tourbillon de la vie («Կյանքի հորձանք») երգը, որը Ֆրանսուա Տրյուֆոյի «Ժյուլը եւ Ջիմը» (1962 թ.) ֆիլմում կատարել է դերասանուհի Ժաննա Մորոն։
Chanel-ի նախորդ մինի-ֆիլմում Նայթլին պատմել է իր սիրած բաների մասին: Դերասանուհու սիրած ճաշատեսակը բոլոնիեզ սպագետին է, մեղեդին՝ քամու ձայնը ծառերի սաղարթամասում, բրենդը՝ Chanel-ը, իսկ հայհոյանքը՝ ֆրանսիական merde (կեղտ) բառը:
Քիրա Քրիստինա Նայթլին բրիտանացի դերասանուհի է: Նա լայն ճանաչում է ստացել «Իրական սեր» եւ «Կարիբյան ծովի ծովահենները» (2003 թ.) ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ: Երկու անգամ «Օսկար» մրցանակի է անվանակարգվել «Հպարտություն եւ նախապաշարմունք» (2006 թ.) եւ «Նմանակման խաղ» (2015 թ.) կինոնկարների համար: