
Լևոն Մկրտչյանը՝ Ջոն Կիրակոսյանի թիվ 20 դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջերս մամուլում շրջանառված լուրերին այն մասին, թե Երեւանի Ջոն Կիրակոսյանի թիվ 20 դպրոցում առաջին դասարանի աշակերտի նկատմամբ գրանցվել է ոտնձգության դեպք, մասնավորապես՝ նախնական լուրերի համաձայն՝ երեխային կապել էին եւ կտրել նրա թարթիչները:
Պատգամավորն իր մտահոգությունը հայտնեց այս հարցի վերաբերյալ եւ Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հարցրեց՝ արդյոք կան մեխանիզմներ, որոնցով հնարավոր է պաշտպանել դպրոցի համբավը նախքան համապատասխան մարմինների կողմից դեռեւս չբացահայտված նման դեպքերի պարագայում:
«Չգիտեմ՝ բացահայտումը այժմ որ փուլում է, բայց նախնական փուլում, երբ դեռեւս բացահայտված չէր, մեծ աղմուկ բարձրացավ»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ սա ներառական դպրոց է:
Լևոն Մկրտչյանը հորդորեց նման դեպքերը հրապարակելուց առաջ պատշաճ կերպով ճշտել՝ արդյոք դա համապատասխանում է իրականությանը, հատկապես որ խոսքը ընդամենը առաջին դասարանի երեխայի մասին էր:
«Խնդիրը կարճ ժամանակ հետո պարզվեց, տնօրենը, մասնավորապես, պարզաբանեց, որ, ըստ էության, այդպիսի խնդիր չկար, մի փոքր այլ հոգեվիճակի երեխա էր, հակասությունը ընտանիքի ներսում էր, հենց մայրն էլ խնդիրը կարգավորեց: Խնդիրն այն է, որ մենք ուշադիր նայում ենք՝ ինչ երեւույթ կա, որ կարելի է հրապարակ հանել առանց ճշտելու, չպետք է մոռանալ, որ խոսում ենք երեխաների, ընտանիքի, ուսուցչի մասին: Կես ժամվա մեջ պարզվեց, որ դա չի համապատասխանում իրականությանը, բայց արդեն տնօրենը ստիպված սկսել էր արդարանալ, ծնողներն ամեն տեղ պատմում էին, որ չկա այդպիսի բան: Ներառական ասելով՝ չպետք է միայն հասկանալ հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման խնդիրը, դա հասարակության տրամաբանությունն է, իսկ մեր հասարակության մոտ դա պակասում է: Դա նախեւառաջ հանդուրժողականությունն է, մեկը մյուսի դժվարությամբ մտահոգվելու կարողությունը»,- նշեց նա: