«Տաքսու սակագինը եռակի կթանկանա, իսկ քաղաքային տրանսպորտի սակագինը՝ կրկնակի». Վահագն Սահակյան
«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները տաքսի ծառայությունների ոլորտում մենաշնորհ են ստեղծելու։
«Երևանում օրական կատարվում է 600-650 հազար ուղևորափոխադրում, որի կեսից ավելիn բաժին է հասնում տաքսի ծառայություններին, քանի որ քաղաքային տրանսպորտը լավ չի աշխատում։ Այսինքն՝ միայն Երևան քաղաքում տաքսու ոլորտի օրական գումարային շրջանառությունը հասնում է մոտ 200 մլն դրամի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ օրենքի ընդունման պարագայում տաքսի ծառայության գինը եռակի կթանկանա։
«Դրանից հետևում է, որ կրկնակի կբարձրանա նաև քաղաքային տրանսպորտի արժեքը։ Դրանից հետո միայն կլուծեն միասնական օպերատորի հարցը։ Տաքսին մինչև հիմա խանգարել է, որպեսզի քաղաքային տրանսպորտի սակագինը բարձրացնեն»,- ասաց նա։
168.am-ը հետաքրքրվեց, թե ո՞ւմ կողմից է մոնոպոլիզացվելու ոլորտը։ «Դա արվում է «Yandex» տաքսի ծառայության համար, որովհետև այս նախագծում ներառված բոլոր փոփոխություններն ի օգուտ «Yandex» տաքսի ծառայության են»,- ի պատասխան՝ ասաց նա։
Նրա խոսքով՝ օրենքի մեկ այլ փոփոխությամբ սահմանափակվելու է ավտոմեքենաների տարիքը. «Դա նույնպես բերելու է նրան, որ տաքսի ծառայություն մատուցող բազմաթիվ ավտոմեքենաներ դուրս են մնալու, իսկ տաքսիների թիվը սահմանափակվելու դեպքում կրկին սակագինը կբարձրանա»։
Վ. Սահակյանն ասաց, որ Երևան քաղաքում 1100 տաքսի ծառայություններից այսօր մնացել է մոտ 100-ը. «Այս օրենքով մասնավոր հատվածին դուրս են մղում դաշտից. Մասնավոր հատվածը չի կարող իրեն թույլ տալ նոր մեքենաներ գնել և 100 դրամով ծառայություն մատուցել, երբ «Yandex»-ի նման գիգանտ է ներխուժել այս երկիր ու արդեն 2 տարի անօրինական աշխատում է այս դաշտում։ Նոր որոշել են, որ պետք է օրենք ընդունեն, և այդ տաքսի ծառայությունը լիցենզավորվի։ Բայց մինչև հիմա օրենքը կար ու չէր աշխատում»։