
Իրանի նախագահն այցելել է երկրաշարժից տուժած Քերմանշահի նահանգ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել է Քերմանշահ արեւմտյան նահանգ, որն առավել մեծ չափով է տուժել նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից: Այդ մասին հայտնել է Mehr News հրատարակությունը:
Ինչպես հայտարարել է նախագահը, «կառավարությունը եւ զինված ուժերն իրենց բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները գործի կդնեն տարածաշրջանի բնակչությանն օգնություն ցուցաբերելու եւ բնականոն կյանքին բնակիչների վերադարձին օժանդակելու համար»:
Իրանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է յոթ նահանգներում, որոնցում այս կամ այն չափով տուժել են 1650 քաղաքներ ու բնակավայրեր: Ամբողջովին ավերվել է 12 հազար տուն, եւս նույնքանն զգալի վնասվածքներ են ստացել: Վերջին տվյալների համաձայն, զոհվածների թիվը հասել է արդեն 450-ի, ավելի քան 7 հազար մարդ տուժել է:
Շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: Նոյեմբերի 14-ն Իրանում սգո օր է հայտարարված, հաղորդել է ՏԱՍՍ-ը: