Լավրովը տարածաշրջան կայցելի Անթալիա-Բաքու-Երևան երթուղով
ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցի երթուղին փոխվել է: Շաբաթավերջին Լավրովը կայցելի տարածաշրջան Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հերթականությամբ: «168 Ժամի» տեղեկություններով` նոյեմբերի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմեկնի Անթալիա իր թուրք պաշտոնակցի հետ բանակցությունների նպատակով: «Անթալիայից հետո Լավրովը կմեկնի Բաքու, ապա` Երևան` նոյեմբերի 20-ի երեկոյան: Բանակցությունների օրակարգը դեռ չի հանրայնացվում»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց մեր աղբյուրը:
Ուշագրավն այն է, որ ՌԴ ԱԳ նախարարի օտարերկրյա այցերի հերթականությունը փոխվեց այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Ադրբեջանում հայտարարեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանալին Մոսկվայում է, և իր ռուս պաշտոնակցի հետ կայանալիք հանդիպմանը քննարկելու է այդ հարցը` որոշ առաջարկներ անելով: Էրդողանը նաև նշել էր, որ, եթե ՌԴ նախագահը կենտրոնանա ԼՂ հակամարտության կարգավորման վրա, ապա հակամարտությունն իսկապես կկարգավորվի: Սրան զուգահեռ՝ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հայտնվել կարգավորման մի ծրագրի մասին, որն առաջարկվում է կողմերին, որի էությունը հինգ շրջանների վերադարձն է՝ Ադրբեջանի ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամակցության դիմաց:
Ինչպես հայտնի է, երեկ Սոչիում կայացել են Պուտին-Էրդողան բանակցությունները, որոնք ձգվել են չորս ժամ: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները երեկ ուշ երեկոյան ամփոփել են Սոչիում կայացած բանակցությունները, սակայն լրագրողների հարցերին չեն պատասխանել։
«Ռուս-թուրքական հարաբերությունները, կարելի է ասել, վերականգնվել են, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, և գրեթե հասել են նախկին մակարդակին»,- հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը։
Բանակցություններից հետո ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ ղարաբաղյան հարցին չեն անդրադարձել: Հանդիպումից հետո լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Էրդողան-Պուտին հանդիպմանը Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը քննարկվել է, Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հանդիպմանը շատ ավելի բարդ հարցեր են քննարկվել, հարցեր, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել։ Նման հարց է հնչել, քանի որ Սոչի մեկնելիս Թուրքիայի նախագահը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների՝ Սիրիայի շուրջ համատեղ հայտարարությունը, և Մոսկվային, և Վաշինգտոնին կոչ էր արել դուրս բերել զորքերը Սիրիայից:
Նշենք նաև, որ այսօր աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շեֆերին։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
Քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ Հետաքրքրականն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Մոսվայում ծրագրվում էր նախարարական հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից, սակայն այդ պլանները տապալվեցին, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմից: Կարելի է միայն ենթադրել, որ ադրբեջանական կողմը սպասում է ԼՂ հակամարտության բանակցություններին Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով, ակնկալելով ռուսական կողմից աջակցություն թուրք-ադրբեջանական ծրագրերին:
Շեշտենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տարբեր հրապարակային առիթներով պնդել է, որ Թուրքիան ոչ մի կապ չունի ԼՂ հակամարտության կարգավորման հետ: