«Օրինագիծը ներկայացնողն ու այս կառավարությունը պետք է ընդհանրապես մերժելի լինեն ողջ հանրության շրջանում». Զարուհի Փոստանջյան

168.am-ն այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության պաշտոնական կայքի շնորհանդեսի ժամանակ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, և արդյո՞ք կուսակցությունը պատրաստվում է աջակցել դասադուլ անող ուսանողներին։

«Պայքարը պետք է երիտասարդներն առաջ մղեն։ Նրանց պայքարն արդարացված է, նրանց պահանջներն արդար են, և այդ պահանջները պետք է բավարարվեն։ Երբ մենք խոսում ենք բանակում բարեփոխումների մասին, ապա դա պետք է լինի համալիր մոտեցմամբ, այլ ոչ թե այսկերպ, ինչպես ներկայացված է օրինագծում։ Օրինագիծը ներկայացնողն ու այս կառավարությունը պետք է ընդհանրապես մերժելի լինեն ոչ միայն տարկետում պահանջող երիտասարդների շրջանում, այլև ողջ հանրության շրջանում»,- ի պատասխան՝ ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ մեր բանակն այսօր շատ խնդիրներ ունի.

«Նաև համալրման խնդիր ունենք, բայց այսկերպ այդ համալրումը չի կարող տեղի ունենալ։ Բանակը բարեփոխումների կարիք ունի, իսկ բարեփոխումները պետք է լինեն համալիր։ Դրա մեջ է մտնում ռազմական արդյունաբերության հարցը, նաև՝ գիտության հարցը։ Այսօր ՀՀ պետական բյուջեից շատ չնչին, ծիծաղելի գումար է տրամադրվում գիտությանը։ Իսկ եթե մեր բանակը համալրված լինի ժամանակակից սպառազինությամբ, և իրոք գիտելիքահենք տնտեսություն ունենանք, ունենանք նաև ռազմաարդյունաբերություն, այս դեպքում բանակում մարդաքանակն այդքան կարևոր չի լինի։ Այստեղ է խնդիրը, թե որքան գումար ենք տրամադրում կրթությանն ու գիտությանը։ Եթե դու գիտությանը չես տրամադրում գումար, ապա չես կարող ունենալ լավագույն բանակներից մեկը, չես կարող ընդհանրապես պաշտպանություն ունենալ։ 2016թ. պատերազմը ցույց տվեց, որ մեր դեմ կռվում են ժամանակակից զենքով, իսկ մենք դեռ մնացել ենք 80-ականների զենքի հույսին։ Այդ ժամանակակից սպառազինությունը ստեղծվել է գիտության հիման վրա, այլ ոչ թե՝ մարդաքանակի»։

Կարդացեք նաև

Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ՝ գործող իշխանությունն ի վիճակի չէ այդ խնդիրները լուծել։ «Պատերազմող երկրի նախագահը, չեմ կարծում, որ պետք է ինչ-որ խանութ բացի և դրանով հրճվի, նաև հայտարարեն, թե իբր 500 աշխատատեղ են ստեղծում։ Այդ 500 աշխատատեղը չի ստեղծվում, այլ ընդհակառակը՝ ամբողջ առևտուրը կլանվում է այդ մեծ խանութների միջոցով, իսկ փոքրիկ խանութները, փոքրիկ առևտրականները մնալու են գործազուրկ, որը նաև նպաստելու է արտագաղթին»,-նկատեց Փոստանջյանը՝ ընդգծելով, որ այսօր ամբողջ կառավարությունը փոքրիկ կրպակատերի հոգեբանությամբ առաջնորդվող անձանցից է բաղկացած, որոնցից,  ըստ նրա՝ դրական լուծում չի կարելի ակնկալել։

Հայաստանը, ըստ Փոստանջյանի՝ այս պահին և՛ դատարկվում է, և՛ ծերանում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս