Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին կայացավ Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով առանձին վարույթով դատական նիստը: Այս գործով քննվում են մեղադրյալներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի մասով գործերը:
Մեղադրյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարան ներկայացրեց իր պաշտպանյալին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին միջնորդություն:
Պաշտպան Սիմոնյանի խոսքով՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու կամ երկարաձգելու որևէ հիմք չկա: Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ իր պաշտպանյալի կալանքի երկարաձգումը չի խախտում ներպետական որևէ օրենք, սակայն խախտում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ hոդվածի դրույթները: Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները՝ նշելով, որ իրենք ևս հանդես կգան նմանատիպ միջնորդությամբ: Միջնորդությանը դեմ հանդես եկավ մեղադրող կողմը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Օհանյանը նշեց, որ դատարանը որոշել է մերժել պաշտպան Սիմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը: «Քրեական դատավարության օրենսգրքի 138 հոդվածի 6-րդ կետի համաձայն դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում: Բացի այդ,մեր օրենսդրությամբ կալանքի երկարացման ինստիտուտը նույնպես սահմանված չի: Իսկ Թորոս Թորոսյանի կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու մասով դատարանը որևէ հիմք չի տեսնում»,- ասաց դատավոր Օհանյանը: