Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջ է նայում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամի գագաթաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպումներից հետո հայտարարել է, որ թեեւ հավատում է ամերիկյան հատուկ ծառայությունների բացահայտումները, որոնք վկայում են ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին, սակայն, կոչ է անում առաջ շարժվել.
«Կարծում եմ, բարեկամ Ռուսաստանն ավելի մեծ արժանիք է աշխարհի եւ մեր երկրի համար, քան հակամարտող Ռուսաստանը»:
Թրամփի խոսքով, նախորդ նախագահ Բարաք Օբաման եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փորձում էին նորից ամենասկզբից սկսել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները, սակայն, հաջողությունների չհասան: Այժմ ժամանակն է առաջ շարժվել, նշում են Թրամփը եւ նրա վարչակազմի անդամները:
«Իրոք, ժամանակն է այս հարցից առաջ անցնել: Նախագահը կենտրոնացած է կարեւորագույն խնդիրների՝ Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի վրա, որտեղ մենք պետք է աշխատենք եւ ընդհանուր նպատակներ ունենք Ռուսաստանի հետ», – ասում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը:
Նախագահ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնվայի խոսքով, ԱՄՆ-ի նոր վարչակազմը ժառանգություն է ստացել արտաքին քաղաքական բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում են միջուկային զենք կրող Հյուսիսային Կորեան եւ այդ ճանապարհին գտնվող Իրանը, եւ փորձում է կարգավորել խնդիրները:
Այդ մոտեցմանը համաձայն չեն նախկին վարչակազմի ներկայացուցիչներ, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը եւ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ջեյմս Քլեփերը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նրանց խոսքով, նախագահ Թրամփը գտնվում է Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների ազդեցության տակ: Նրանց խոսքով, կարծել, թե Ռուսաստանը կարող է անհանգստանալ խաղաղության շահերի համար, սխալ է, որը վտանգում է Միացյալ Նահանգների շահերը: Այդ կարծիքը կիսում է նաեւ հանրապետական ազդեցիկ սենատոր Ջոն Մաքքեյնը, ում խոսքով, Ռուսաստանը Սիրիայում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն է: