«Երեխան թիրախ է ամուսնալուծված ծնողների համար». դասվարը՝ թարթիչները կտրած աշակերտի մասին. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում առաջին դասարանցի մի խումբ աշակերտներ 7-ամյա դասընկերոջը՝ Մարիոս-Արտյոմ Ս.-ին, տարել են զուգարան, «սկոտչով» կապել ձեռքերը, հարվածներ հասցրել, իսկ նրանցից մեկն էլ կտրել է երեխայի թարթիչները:
Տուժած երեխայի մայրը հայտարարել էր, որ դիմելու է ՀՀ ոստիկանապետին, Կրթության նախարարին ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այժմ ոստիկանությունը քննում է գործը, դասվար Վերոնիկա Բաբաջանյանը, երեխաներն ու նրանց ծնողները քիչ առաջ գտնվել են ոստիկանությունում, բացատրություն տվել:
Վերոնիկա Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այն, որ երեխայի թարթիչները կտրված են, հայտնաբերվել է դպրոցում: Երբ հարցրել է՝ ինչ է տեղի ունեցել, Արտյոմը պատասխանել է, որ ինքն է կտրել, երբ գտնվել է մոր տանը: Այդպիսով ցանկացել է տեսնել, թե թարթիչներն ինչ գույն ունեն: Դասվարի դիտարկմանը, որ դա կարող էր հայելու միջոցով պարզել, տղան պատասխանել է, թե իր սենյակում հայելի չկա, իսկ լոգասենյակում այն բարձր է կախված:
Դասվարի խոսքով, Արտյոմի ծնողներն ամուսնալուծված են, երեխան որոշ ժամանակ մոր հետ է ապրում, հետո՝ հոր: Ուսուցչուհին չի բացառում, որ ամուսինը հանդիմանել է կնոջը, եւ նա որոշել է կատարվածն ուրիշների վրա բարդել: «Ես միայն մի բան հասկացա. երեխան ավելի շատ թիրախ է երկու ծնողի: Մենք ուղղակի ընկանք այդ սարդոստայնի մեջ: Հայրը երեւի նախատել է մորը»,- նշեց Վերոնիկա Բաբաջանյանը:
Հավելեց, որ Արտյոմի մայրը, որին երբեւէ չի հանդիպել, հեռախոսով առաջին անգամ զանգահարելով իրեն՝ պահանջում է «մեղավոր» երեխաներին հեռացնել դպրոցից: Դասվարը վստահ է, որ այդ երեխաները նման բան չեն արել ու դրան ընդունակ էլ չէին: Նա կարծում է, որ այդպիսի եզրակացության են եկել նաեւ ոստիկանները»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։