Լոնդոնը մտադիր է Brexit-ից հետո անցումային շրջանի պայմանները համաձայնեցնել մի քանի ամսում
Մեծ Բրիտանիան հույս ունի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Եվրամիության հետ համաձայնեցնել Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանները: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը:
«Մենք հուսով ենք, որ կկարողանանք առաջիկա մի քանի ամսվա ընթացքում համաձայնեցնել այն բանի հիմնական սկզբունքները, թե ինչպիսին կլինի իրագործման ժամանակաշրջանը»,-նրա խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: