
Էրդողանը վերահաստատել է, որ ցանկանում է Ղարաբաղի հարցը քննարկել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է այն հարցերի մասին, որոնք կքննարկվեն Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ դրա համար Թուրքիան ամեն հնարավոր բան անում է:
Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կվերացվեն բոլոր առևտրային սահմանափակումները: Բացի այդ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը կհեշտացնի վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այցի ընթացքում բացի ռուս -թուրքական հարաբերություններից, Պուտինի հետ կքննարկի նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ՝ այդ թվում Սիրիայի հարցը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«Մտադրություն ունեմ Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը»,-ասել է Էրդողանը: