
Չերքիզյան շուկայի էքս-սեփականատիրոջ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Երկու սպանությունների կազմակերպման գործի շրջանակում միջազգային հետախուզում է հայտարարվել Մոսկվայում խոշորագույն Չերքիզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմաիլովի նկատմամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարյովան:
Անցյալ շաբաթվա ընթացքում դատարանը հեռակա նրա կալանավորման թույլտվություն է տվել: Գործարարի փաստաբան Մարինա Ռուսակովան հայտարարել է, որ իր կլիենտը հեռացել է Ռուսաստանից: Պաշտպանական կողմը բողոքարկել է դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը քննության կառնվի նոյեմբերի 15-ին:
Իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ Իսմաիլովը կարող է Թուրքիայում գտնվել:
2015թ. Forbes ամսագիրը Իսմաիլովի կարողությունը գնահատել է 600 մլն դոլար: Հաջորդ տարի գործարարը պահանջներ է ստացել տասը պարտատերերից: 2017թ. մարտին Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը Իսմաիլովին սնանկ է ճանաչել և սկիզբ դրել նրա ունեցվածքի վաճառքին:
Երկու սպանությունների կազմակերպման գործի շրջանակում նաև կալանավորվել է գործարարի եղբայր Ռաֆիկ Իսմաիլովը: Նրան մեղադրում են մայիսին առևտրի համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինի ու «Լյուբլինո-Մոտորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովի սպանության մեջ: Իսմաիլովին և գործի երկրորդ ֆիգուրանտ Մեհման Քերիմովին մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով: