
«ԵԱՏՄ-ի շնորհիվ անբարենպաստ համաշխարհային կոնյունկտուրայի ազդեցությունը նվազել է». Նազարբաև

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նպաստել է միավորման երկրների վրա անբարենպաստ համաշխարհային կոնյունկտուրայի ազդեցության նվազմանը:
Նոյեմբերի 13-ին այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն «Աստանա ակումբի» երրորդ՝ «Մեծ Եվրասիա – 2027. առճակատում թե գործընկերություն» թեմայով նիստում։ «Շարունակում է զարգանալ Եվրասիական տնտեսական միությունը:
Այն նպաստել է մեզ վրա անբարենպաստ համաշխարային կոնյունկտուրայի ազդեցության նվազմանը: 2017 թվականի ինն ամսում միության երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է մեկ երրորդով»,- ասել է Նազարբաեւը: Ղազախստանի նախագահի խոսքով՝ արդի պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունի միավորման առավելագույնս սերտ փոխգործակցությունն Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն երկրների հետ, որոնք ամենամեծ ներդրումային եւ նորաստեղծական ներուժներն ունեն:
«Տարբեր ձեւաչափերով միությանն են միանում ավելի ու ավելի շատ երկրներ: Ազատ առեւտրի գոտիների ստեղծման շուրջը բանակցություններ են վարվում Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իսրայելի եւ Հարավային Կորեայի հետ: Ընդամենը հետաքրքրություն են հանդես բերում շուրջ 50 երկրներ»,- նշել է Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: