
Իրանում աճում է երկրաշարժից զոհվածների թիվը

Առնվազն 350 մարդ է զոհվել, եւս գրեթե 4 հազարը՝ տուժել նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների հետեւանքով: Նոյեմբերի 13-ին Twitter-ում այս մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը։
Առավել շատ զոհեր եւ ավերածություններ արձանագրվել են Իրանի Քերմանշահի եւ Իլամի նահանգներում: Հենց այդ նահանգներին է բաժին ընկել երկրաշարժի հիմնական հարվածը: Mehr News-ի տվյալներով՝ Քերմանշահի նահանգում մինչ այժմ չի գործում բջջային կապը, սակայն առավոտվա դեմ հաջողվել է մասնակիորեն վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը եւ հեռախոսային կապը:
Մի շարք շրջաններում խմելու ջրի մատկարարման ընդհատումներ են սկսվել: Քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ նահանգում բացել են դաշտային հոսպիտալներ՝ նախատեսված 7 հազար մահճակալի համար:
Տեղական իշխանությունները հաղորդում են ծածկոցների, սննդամթերքի եւ փոխներարկման համար դոնորական արյան կարիքի մասին: Սարփոլ է Զահաբ քաղաքում, որտեղ ամենից շատ են զոհերն ու ավերածությունները, հոսպիտալը չի կարողանում ընդունել տուժածներին, ուստի նրանց բանակային ուղղաթիռներով ուղարկում են այլ հիվանդանոցներ, այդ թվում՝ Թեհրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: